ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Արարատ Միրզոյանը եւ Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Քննարկվել է նաեւ իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ եւ ընդգծել, որ երկու երկրներում ձեւավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարեւոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին:
ՀՀ ԱԳ նախարարը եւ Իրանի դեսպանը կարեւորել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը կողմերի միջեւ համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առեւտրաշրջանառությունը հասցնելու մինչեւ1 մլրդ դոլարի:
Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:
Օրինակելի մոդել՝ մահմեդական եւ քրիստոնյա այլ ժողովուրդների համար
Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին սեպտեմբերի 29-ին հանդիպել է համալսարանականների հետ:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանն ու Հայաստանը համագործակցության լայն դաշտ ունեն, որտեղ անելիքներ շատ կան:
«Մեծ սիրով պատրաստ ենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր ու նախագծեր մշակելու, որտեղ ներգրավված կլինեն ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ: Տարածաշրջանում բավականին արագ են իրադարձությունները զարգանում, չպետք է հետ մնանք այդ զարգացումներից: Կրթությունն ու գիտությունը հենց այն ոլորտներն են, որոնց միջոցով երկխոսություն է ծավալվում ժողովուրդների միջեւ՝ հիմք հանդիսանալով այլ ոլորտների զարգացումների համար»,- նշել է նա:
ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում ձեւավորված Իրան-ՀՀ կապն ու համագործակցությունը տարածաշրջանում լավագույն մոդելն են: Նա փաստել է, որ «թեեւ արտաքուստ տարբեր կրոններ դավանող պետություններ ենք, սակայն գտել ենք երկխոսության ու համերաշխ գոյակցելու բանաձեւը»:
Աբբաս Բադախշան Զոհուրիին ընդգծել է, որ հայ-իրանական գոյակցության այս մոդելը կարող է օրինակ ծառայել մահմեդական եւ քրիստոնյա այլ ժողովուրդների համար: