Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ից «Խայբարի նվաճողներ» անվամբ զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարեւմտյան շրջաններում:
Ըստ իրանական Isna գործակալության՝ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարեւմտյան շրջաններում:
Զորավարժություններին կներգրավվեն հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի հյուսիսարեւմտյան եւ այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով:
Հայաստանն Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ զորավարժությունների վերաբերյալ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին ի պատասխան Հայաստանում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթի՝ թեմային անդրադարձից։
«Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի, թե ինչու 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում, իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ․
«Հայաստանը Բաքվի եւ Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի եւ նման պահվածք չի ցուցաբերում: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ: Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց: Հայաստանը նպատակ չունի Իրանին առեւտրական ճանապարհներից դուրս մղելու»։
Ի դեպ, հոդվածագիրը նկատում է նաեւ, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական վարքը եւ Թուրքիայի լրատվամիջոցով Իրանին ուղերձ հղելը ոչ այլ ինչ է, քան գաղութացվածության նշան»,- նշված է ՀՀ-ում Իրանի դեսպանատան գրառման մեջ: