ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը հայտարարել է, որ Մոսկվան կողջունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով շփումները:
Նա ընդգծել է, որ կանոնավոր երկխոսությունը, հատկապես բարձր մակարդակով, նպաստում է փոխըմբռնման եւ խնդրահարույց հարցերի լուծման կառուցողական մթնոլորտի պահպանմանը: «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Պուտինի ինտենսիվ շփումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում եւ ստորագրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները»,- ասել է Զայցեւը:
Զայցեւը շեշտել է, որ նմանօրինակ հանդիպումների կազմակերպումը լուրջ նախապատրաստություն է պահանջում: Մոսկվան կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կնպաստի դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։