Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանչու Բիլչիգը հայտարարել է, որ Թուրքիան դատապարտում է Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրված ռազմական գործարքը։
Ըստ թուրք դիվանագետի՝ Հունաստանի առավելապաշտությունը ծովային եւ օդային սահմանների հարցով հակասում է տարածաշրջանի միջազգային իրավունքի նորմերին։ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի պնդմամբ՝ Հունաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում՝ սպառազինությունների մրցավազք սկսելով եւ փորձելով մեկուսացնել Անկարային։
Մեկնաբանելով ֆրանս-հունական գործարքը՝ Բիլչիգը հավելել է, որ Աթենքի ջանքերն անիմաստ են եւ Էգեյան ու Միջերկրական ծովերում իր իրավունքները պաշտպանելու հարցում Անկարային ավելի վճռական են դարձնում։
ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Ֆրանսիան ավելի վաղ երկկողմ ռազմական համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Ըստ դրա՝ Աթենքը ֆրանսիական արտադրության երեք ռազմանավ ձեռք կբերի։
Հունաստանի վարչապետը Փարիզի եւ Աթենքի միջեւ կնքված գործարքը պատմական է որակել։ Նա համոզմունք է հայտնել, որ գործարքի շնորհիվ ֆրանս-հունական ռազմական եւ ռազմարդյունաբերական ոլորտներում համագործակցությունն ավելի կխորանա։