«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու իշխանական մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծը ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում։
Պատգամավորներն առաջարկում են՝ լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելիս հղում տալ չնույնականացվող աղբյուրներին: Չնույնականացվող աղբյուրն էլ, ըստ այս առաջարկի, համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, սոցցանցերի եւ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են:
Սա նշանակում է, որ նախագծի հեղինակներն, ասելով աղբյուր, հասկանում են միայն համացանցային հրատարակությունները, բայց տեղեկության աղբյուրներ են նաեւ մարդիկ: Այս մասին ասում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի համակարգող, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը, որի կարծիքով փոփոխությունն առիթ կտա ավելի շատ հղում անելու անանուն աղբյուրներին, որովհետեւ «ԶԼ մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է դրանց գաղտնիության պաշտպանությունը (լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։
Հիմնականում լրատվամիջոցներին պատասխանատվության են ենթարկում վիրավորանքի եւ զրպարտության համար: Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասն արդեն իսկ պատասխանատվություն է նախատեսում այն դեպքում, երբ վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվում տեղեկատվության աղբյուրին: Այսինքն՝ այս ամենն արդեն կարգավորված էր վերոնշյալ հոդվածով:
Իսկ թե որն է նախագծում նոր փոփոխոություններ կատարելու նպատակը, Հարությունյանն ասում է. «Այս ամենը միտված է որոշակիորեն սահմանափակելու լրատվամիջոցների գործունեության ազատությունը, բայց դա հանգիստ շրջանցվող է: Իսկ հետեւանքները շատ քիչ են լինելու: Մեկ-երկու կայքի հնարավոր է տուգանեն եւ վերջ»:
Հարությունյանն ասում է նաեւ, որ նախագծի ձեւակերպումներից մեկում կա ոճական անհարթություն, սխալ, իսկ թե որն է դա, փորձագետը հրաժարվեց բացահայտելուց, միայն նշեց, որ այդ սխալն աշխատելու է հենց իրենց դեմ:
Այսպիսով, եթե ըստ օրենքի բուն աղբյուրն է կարեւոր, այլ ոչ թե բովանդակությունը, ապա մենք բազմաթիվ խնդիրների առաջ կարող ենք կանգնել՝ սկսած աղբյուրների գաղտնիության պաշտպանությունից, ընդհուպ հեղինակային իրավունքների խախտում, որովհետեւ կոչ է արվում լրատվամիջոցներին չնույնականացվող աղբյուրներից տեղեկություն տարածելու առանց հղումների: Բայց չէ՞ որ չնույնականացվող աղբյուրը նույնպես օգտվում է հեղինակային իրավունքներից:
Կա եւս մեկ խնդիր. ի վերջո միջազգային տեղեկատվական տարածքում կարող են լինել լրատվամիջոցներ, որոնք անանուն չեն եւ այլ երկրների օրենսդրության համաձայն՝ գործում են օրինավոր կերպով, բայց մեր օրենսդրությամբ կարող են ճանաչվել չնույնականացվող:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս ամենը միտված է մեկուսացնելու հայկական տեղեկատվական միջավայրն այլ միջավայրերից, ինչն անթույլատրելի է:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը փոփոխությունը համարում է իշխանությունների քաղաքական մահակներից մեկը, որով փորձում են լռեցնել ազատ խոսքը, լրագրողներին զրկել ազատ արտահայտման իրավունքից, տարածել միակողմանի եւ իշխանության համար ցանկալի լրատվություն: Նա համոզված է՝ այս նախագիծը չի աշխատի:
«Մամուլի ազատությունն ազատ արտահայտվելու ավելի մեծ իրավունքի միջոց է»,- ասում է արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանն ու բացատրում, որ հիմա իրավունքի այդ միջոցը հաճախ վերածվում է նպատակի, եւ այս ամենը հաշվի առնելով՝ օրենսդիրը պետք է կարգավորումներ անի՝ պաշտպանելու համար տեղեկատվության մեր իրավունքը:
Նախագիծը նաեւ առաջարկում է առավել թափանցիկ դարձնել լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները՝ պարտավորեցնելով ամեն տարի հրապարակել ֆինասնական հաշվետվություն:
Հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու եւ օրենքով արգելված աղբյուրներին հղում անելու դեպքում առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանք (500 հազար դրամ), իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ մեկ միլիոն դրամ: