Հայ քաղաքական գործիչներն ապրում են վերջին հույսի ռեժիմով։ Ասենք, ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մեկ շաբաթ առաջ ընդունել էր «Ազգային պաշտպանության լիազորությունների մասին» օրինագծի փոփոխությունները, իշխանական մամուլն այն անմիջապես որակեց հայանպաստ, որովհետեւ օրինագծի որոշ կետեր նախատեսում են հայ գերիների վերադարձ, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննում։
Հիմա հայերն ալամ աշխարհի ամեն խոսքում փնտրում են հայանպաստ դիրքորոշումներ։ ԼՂ արտգործնախարար Դավիթ Բաբայանը դա գտնում է ԵԽԽՎ բանաձեւերում։ «Հայանպաստ»-ը մեր վերջին հույսի ռեժիմի դոմինանտ բառն է։ Էլ չգիտեն ինչից կառչել։ Մինչդեռ ժամանակին ասվում էր՝ ամբողջ աշխարհում մենք դաշնակիցներ չունենք, ավելի լավ է մտածեք պատերազմը կանխելու մասին։
«Հայանպաստ»-ը մեր թուլությունները ստվերող «ամենալուսավոր» բառն է։ Մնում է կանգնես ու ասես՝ երեխանե՛ր, ամբողջ աշխարհը նախկինի նման ո՛չ դաշնակից է, ո՛չ էլ հայանպաստ։ Ու չի լինելու։ Ադրբեջանանպաստ էլ չի լինելու, ոչ մի բանի նպաստ չի լինելու, աշխարհը ոչ մի պատերազմ չի կանխում։ Անզեն աչքով լավ էլ երեւում է, թե աշխարհը երբ է տեղից շարժվում՝ երբ կողմերի դաշնակիցները լուրջ խաղացողներ են։ Բայց նույնիսկ դա չկանխեց Սիրիայի պատերազմը։
Ընդհանրապես մենք պիտի սովորենք կարդալ միջազգային հանրությանը ու նախ եւ առաջ այն, որ աշխարհն իրականացնում է կոմբինացիաներ, որոնք կարող են նաեւ քեզ վերաբերել։ Դու պիտի մտնես այդ խաղի մեջ, ոչ թե պատեհ-անպատեհ ասես, որ մենք վաղուց ենք լուծել Ղարաբաղի հարցը։ «Հայանպաստ» լուծումները Ցեղասպանության միջազգային ճանաչման նման մի բան են, դրանք միշտ հանգիստ խղճով են «հայանպաստ», երբ այլեւս եղածը փոխել հնարավոր չէ։
«Հայանպաստը» կերակրող բառ է, մոտավորապես հնչում է այսպես՝ քիչ էլ կացեք, իմ էրեխեք, ապին գնաց հաց բերի։ Թումանյանի բանաստեղծության այս հատվածը «հայանպաստ» է, մայրը գիտի, որ ոչ մի ապի էլ չկա, առավել եւս հացի հույս էլ չկա։ Որքան քիչ քաղաքական հոտառություն, որքան քիչ ընկալում, որ քաղաքականությունը հայրենասիրական չի լինում, որ այն նախ կոմբինացիոն է, այնքան ավելի մեծ փորձանքներ։
«Հայանպաստ» լինում է միայն խաղատախտակի առաջ միջազգային գրոսմայստերի մաղթանքը շախմատի առաջին կարգային խաղացողին՝ ձեզ հաջողություն։ Հենց այդքանով էլ ավարտվում է «հայանպաստը»։ Որովհետեւ նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանության կոչերն են ամբողջ աշխարհում հնչում քաղաքական կոմբինացիաների շրջանակներում, նույնիսկ մարզական միջոցառումների հաղթանակներն ու պարտություններն են երբեմն ըստ այդմ շնորհվում։
Այնպես որ հայանպաստ լուծումների ունկնդիրներին ամենեւին չէր խանգարի հումորի փոքրիկ զգացումը։ Իսկ մենք ի՞նչ ենք անում՝ հոլիվուդյան ֆիլմի վերջում փնտրում ենք հայկական ազգանուններ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: