ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ֊ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր եւ բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ սեպտեմբերի 24-ին համանախագահների մասնակցությամբ եւ միջնորդությամբ տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա։
Նախարարները կարեւորել են 2020-ի նոյեմբերի 9/10-ի եւ 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բեված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ արտաքին քաղաքական ոլոտում քայլերի կոորդինացման համատեքստում կողմերը քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը: