Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցությունների ընթացքում քննարկել են Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայում եւս երկու ատոմակայանների կառուցման հնարավորությունը։
Կրեմլի պաշտոնական ներկայացոցիչը հավելել է, որ կողմերը նշել են կոնկրետ աշխարհագրական կետեր, որտեղ Թուրքիան նախատեսում է տեղակայել այդ ատոմակայանները։
Առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն ավելի վաղ իրականացրել է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Շինարարության համար նախատեսված էր շուրջ 20 միլիարդ դոլար, ընդ որում՝ ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրով՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանելու է Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը վաճառվելու է օտարերկրյա ներդրողներին:
Թուրքիայի տարածքում չորս բլոկից բաղկացած 4800 մեգավատտ ընդհանուր հզորությամբ ռուսական ատոմակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2010-ին:
Թուրքիայի առաջին ատոմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2023-ին: