Բրիտանական Geographical ամսագիրը հրապարակում է պատրաստել Հայաստանի լեռներում ապաստանած պարսկական (առաջավորասիական) ընձառյուծի մասին։ Բրիտանացի լրագրող, լուսանկարիչ եւ ռեժիսոր, The New York Times, National Geographic, The Guardian, The Washington Post, BBC News, Newsweek, The Independent, Al Jazeera English եւ այլ հեղինակավոր պարբերականների թղթակից Ջեկ Լոշը հանգամանալից ներկայացրել է ընձառյուծի փնտրտուքը հայոց հողում։
Հայաստանի լեռներում պատահականորեն հանդիպած ընձառյուծը, որը հայտնվել էր պատերազմող պետությունների միջեւ, այժմ խուսափողական դիրք է գրավել: Բնապահպանները փորձում են գտնել նրան:
Հարձակումն անսպասելի էր՝ այս հեռավոր լեռներում վաղուց չլսված մռնչյունով։ Երբ Արման Գաբրիելյանը իջնում էր անտառապատ զառիթափից, դարչնագույն, փայլատակող մորթե մի հսկայական զանգված կայծակնաբար թռչում է նրա վրա: Երկու երեխայի հայրը բնազդաբար ձեռքերը բարձրացնում է՝ դեմքը պաշտպանելու համար, երբ թրանման ատամները խրվում են նրա ձախ ձեռքը, եւ ճանկերը սկսում են ուժեղ սեղմել ուսերը, ոտքերը եւ իրանը:
Գետնին գամված, կենդանու ատամները ափի մեջ խրված՝ Գաբրիելյանը զգում է, որ կենդանին քարշ տալով իրեն տանում է զառիվեր հովտով: Նրա հրացանը դեռ կախված էր աջ ուսից, սակայն հասանելի չէր: Բարեբախտաբար, ողբերգություն տեղի չունեցավ:
Դա 2019-ի նոյեմբերն էր, երբ Հայաստանի երկար ձմռան առաջին նշաններն էին հայտնվում այս հսկայական, լեռնային ամայի վայրում, որը բնակեցված է գորշ արջերով եւ մոխրագույն գայլերով: Պարսկական ընձառյուծները ժամանակին բնակվում էին նաեւ այս տարածքում՝ Տավուշի հյուսիսարեւելյան շրջանում, բայց տասնամյակներ շարունակ ոչ մի առանձնյակ չէր երեւացել:
Գաբրիելյանը բարձրացել էր Իջեւանի մերձակա՝ իր տնից ոչ հեռու բարձունքի արոտավայրերը, որ հավաքեր կեր փնտրող իր խոզերի բոլուկը: Տեղ հասնելուն պես հայտնաբերել էր, որ նրանցից ավելի քան մեկ տասնյակը պակասում է. երեքի կիսով չափ հոշոտված մարմինները մնացել էին:
Կորած խոզերին փնտրելով՝ մտել էր փոքրիկ քարանձավներ տանող մի նեղ արահետ: Մռնչյունը լսելուն պես նա տապալվել էր գետնին: «Ամեն ինչ այնքան արագ եղավ,- նշել է Գաբրիելյանը, որն այն ժամանակ 35 տարեկան էր,- ես նույնիսկ վախենալու համար ժամանակ չունեի»:
Ադրենալինը բարձրացել էր, ու նա կարողացել էր հասնել հրացանին եւ երկու անգամ օդ կրակել: Կենդանին հեռացել էր՝ դարձյալ շրջվելով ու նայելով Գաբրիելյանի ապշած հայացքին, այնուհետեւ արձակել վերջին մռնչյունն ու կորել անտառում:
Արյամբ ու կապտուկներով պատված Գաբրիելյանը համրացել էր: Չնայած տասնամյակներ տեւած, երկարատեւ բացակայությանը՝ այս արարածի պատկերը, չափը, ձայնը եւ գծանշանները կասկած չէին հարուցում․ ընձառյուծը վերադարձել է:
Ժամանակին՝ մինչեւ 20-րդ դարը, ընձառյուծները Կովկասի անվերապահ թագավորներն էին: Հիասքանչ նախշերով միջին չափսի ընձառյուծը, կշռելով մինչեւ 60 կիլոգրամ, քթի ծայրից մինչեւ պոչի ծայրը ավելի քան երկու մետր երկարություն կարող էր ունենալ: Այս մեծ կատուները ժամանակին տարածված են եղել Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Սեւ ու Կասպից ծովերի միջեւ ընկած այս լեռնային տարածաշրջանում եւ բեզոարյան այծ, մուֆլոն, եղնիկ ու վարազ են որսացել։
Ընձառյուծների ոչնչացումը սկսվել է 19-րդ դարում, երբ ցարական Ռուսաստանը նվաճեց փոքր Կովկասի երկրները: Դրանց սկսեցին վնասատու գիշատիչ համարել ու որսալ մորթու համար:
Անտառահատումը, ֆերմաների ընդլայնումը, ճանապարհաշինությունը եւ սահմանների ամրացումը 20-րդ դարի ընթացքում մասնատեցին նրանց բնական միջավայրերը: Որսի ավար դարձան ոչ միայն ընձառյուծները, այլեւ նրանց համար սնունդ հանդիսացող վայրի կենդանիները: Հույսի նշույլ արթնացավ 1972-ին, երբ խորհրդային իշխանություններն արգելեցին ընձառյուծի որսը եւ տուգանք նշանակեցին որսագողության համար:
Տասնհինգ տարի անց դրանց ենթատեսակ Panthera pardus saxicolor-ը գրանցվեց ԽՍՀՄ հազվագյուտ եւ ոչնչացող կենդանիների ու բույսերի Կարմիր գրքում:
2002-ին Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) եւ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը սկսեցին համագործակցել ընձառյուծի քանակը վերականգնելու եւ բնադրավայրը պահպանելու համար՝ անդրսահմանային շարժով վերահսկելով դրանց փոքրաթիվ պոպուլյացիան:
«Առողջ էկոհամակարգը կախված է գիշատիչներից,- ասում է WWF Հայաստանի նախկին աշխատակից Արսեն Գասպարյանը,- եթե մենք պաշտպանենք ընձառյուծներին, կպաշտպանենք ամբողջ էկոհամակարգը»:
Ըստ նրա՝ այս վտանգված ենթատեսակների թիվն աշխարհում 800 է, որոնցից ամենաշատը հանդիպում են Իրանի սահմանին:
«Անգամ հինգ կամ վեց կենդանին կարեւոր են,- ընդգծում է Գասպարյանը,- ամեն մեկն էլ թանկ է մեզ համար: Եթե այստեղ հոգ տանենք կենսամիջավայրի մասին, նրանց քանակը կավելանա»:
Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ բռնկվեց Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ:
Ռմբակոծությունների եւ ռազմական գործողությունների ընթացքում տարածաշրջանի մարդկային կորուստները սարսափելի էին։ Հակամարտությունը նոր սպառնալիքներ է առաջացրել պարսկական ընձառյուծի համար, որի բնադրավայրն այժմ տարածվում է թշնամի երկու պետությունների միջեւ:
Նոր սահմաններ են վերագծվում այս տարածաշրջանում: Ականների տեղադրումը եւ զորքերի տեղակայումը լուրջ սպառնալիք են էկոհամակարգին:
Հակամարտությունը նաեւ հանգեցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա բեւեռացմանը, որը խստորեն խանգարում է երկու երկրների բնապահպանների համագործակցությանը:
«Պատերազմը փոխեց ամեն ինչ,- ասում է Գասպարյանը,- դժվար է մարդկանց համոզել, թե որքան կարեւոր է պահպանել բնությունը, երբ մենք նույնիսկ չենք կարող պահպանել ինքներս մեզ»:
Պատրաստեցին Կարինե Դավոյանը եւ Մարի Չաքրյանը