Ադրբեջանի հետ սահմանին այսօր մեկնարկել են Իրանի ցամաքային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները։ «Խեբարի նվաճողները» վարժանքներում ներգրավված են զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ։
Զորավարժությունների ընթացքում Իրանի ցամաքային զորքերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը հավաքել եւ տեղեկություն է ուղարկել հրամանատարական կետ, իսկ արագ արձագանքման 25-րդ բրիգադն անցկացրել է զորավարժություններ:
Ռուսաստանցի վերլուծաբանների դիտարկմամբ՝ Իրանը զորավարժությունների համար Ադրբեջանի սահմանի մոտ բավականին լուրջ ռազմական ուժեր է կուտակել։ Ընդ որում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերից բացի, վերջին օրերին Իրանը սահմանի մոտ է կուտակել նաեւ բանակի ուժերը։
Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի հետ լարվածության պայմաններում, որի պատճառներից մեկը Բաքվի սերտ հարաբերություններն են Թեհրանի հակառակորդ Իսրայելի հետ:
Լարվածության առիթ են դարձել նաեւ Բաքվի օրեցօր խորացող հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատներն առաջին անգամ համատեղ զորավարժություններ անցկացրին։
Պատասխանելով Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդն այսօր ասել է, թե եթե կան հարցեր եւ թյուրիմացություններ, դրանք կլուծվեն դիվանագիտական ճանապարհով: Նա հավելել է, որ ԱԳՆ-ն հետևում է դրան:
Իրանում այսօր ապրում է, տարբեր հաշվարկներով, 15-ից մինչեւ 30 միլիոն ադրբեջանցի։ Իրանում ապրող ադրբեջանցիները լուրջ դերակատարություն են ունեցել 1978-1979 թվականների Իսլամական հեղափոխության ժամանակ եւ եղել են հեղափոխության մեջ ներքաշված հակաիշխանական լայն կոալիցիայի կարեւոր մասը։