Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հոկտեմբերի 1-ին ձերբակալել են Վրաստանում եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:
Արդեն հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հայտնեց, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվելուց հետո հացադուլ է հայտարարել: Վրաստանի նախկին նախագահը ասել է, որ չի ընդունում մեղադրանքներն ու իրեն քաղաքական բանտարկյալ է համարում:
Սաակաշվիլին հավելել է, որ ձերբակալման ժամանակ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինքն էլ դիմադրություն ցույց չի տվել։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ղարիբաշվիլին չի հստակեցրել, թե որտեղ են ձերբակալել Սաակաշվիլիին: Սակայն նա մանրամասնել է, որ վրացական իրավապահները նախնական տեղեկություն են ունեցել Ուկրաինայից Վրաստան նրա տեղաշարժի մասին: Նա նշել է, որ ձերբակալման գործընթացը իրավապահները բարձր մակարդակով են իրականացրել: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ նշել էր, որ Սաակաշվիլիի ժամանելու դեպքում որեւէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն, կհայտնվեն բանտում:
13 քրեական գործով հեռակա դատապարտվածը
Ղարիբաշվիլին ասել էր, որ Սաակաշվիլին արդեն ութ տարի է` «սպառնում է գալով, սակայն չի գա, որովհետեւ վախկոտ է, գիտի, որ բանտում կհայտնվի: Միխոն ասել է, որ գալի՞ս է: Հենց գա, կհայտնվի բանտում»: Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի դեմ 13 քրեական գործ է հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է բանտարկության։
Դեռեւս հուլիսի կեսին կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերը որակել է Սաակաշվիլիի կողմից կազմակերպված դավադրության ծրագիր, որը չիրականացավ: Ցույցերի ընթացքում ցուցարարները պահանջում էին վարչապետի հրաժարականը:
Կանխավ ձախողված ռեւանշի հերթական փորձը
Հոկտեմբերի 1-ի առավոտյան քաղաքական գործիչը ցույց էր տվել Կիեւ-Թբիլիսի թռիչքի տոմսն ու տեսաուղերձով հայտարարել, որ ինքը ժամանել է Բաթում։ Սաակաշվիլիի՝ Վրաստանում լինելու փաստը հերքել են կառավարական մակարդակով, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել էր, թե «ծաղրածու Սաակաշվիլիի՝ իբր Բաթումից արված տեսագրությունը Վրաստանում չի արվել»:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: Ավելին` Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ճեպազրույցի ընթացքում ասել է, որ ուկրաինական կողմի հետ կապ են հաստատել ու ճշտել, որ Սաակաշվիլին չի լքել Ուկրաինայի տարածքը։ Մինչդեռ Սաակաշվիլիի Կիեւի գրասենյակի աշխատակից Մարիա Բարաբաշը «Մթավարի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մեկ օր առաջ Սաակաշվիլին հեռացել է Կիեւից՝ մեկնելով Վրաստան:
Վրաստանում 2004-ին Վարդերի հեղափոխության ալիքով իշխանության եկած եւ 2013-ին հեռացած Սաակաշվիլին առավոտյան տեսաուղերձում իր կողմնակիցներին կոչ է արել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ընտրությունների օրը, հավաքվելու քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում:
Երրորդ նախագահի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Մուրման Դումբաձեն հայտարարել էր, որ Սաակաշվիլին շատ համախոհներ ունի:
Դումբաձեն հավաստիացրել է, որ ամբողջ Վրաստանը սպասում է Սաակաշվիլիին, եւ որ ընտրությունների օրը` 20:05-ին, իրենք պաշտոնապես կներկայացնեն նրան հանրությանը:
«Մինչ այդ նա ոչ մի կերպ չպետք է հայտնվի հանրության առաջ: Նա Վրաստանում է` Բաթումում, նա իր խոսքի տերը եղավ, հիմա մեր հերթն է»,- ընդգծել է Դումբաձեն:
Վրաստանը չի գնա ապակառուցողական ճանապարհով
Սաակաշվիլիի ձերբակալությունից առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել, որ հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բաց, արդար եւ ազատ անցկացվելու համար այժմ երկրին ամենից շատ հանգիստ է պետք:
Զուրաբիշվիլին արձագանքել է նաեւ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան ժամանելու հայտարարությանը: Նա նշել է, թե անկախ ժամանման փաստի ճիշտ կամ կեղծ լինելուց, միեւնույնն է, այս հարցը խաթարում է նախընտրական մթնոլորտը: Ըստ նրա` կառավարության պարտականությունն է ճնշել նախընտրական լարվածություն եւ ապակայունացում դրդողների բոլոր փորձերն ու թույլ չտալ բեւեռացում:
«Խաղաղ եւ ազատ ընտրական միջավայրի պահպանման պատասխանատվությունը կառավարության վրա է: Վստահ եմ, որ հասարակությունը չի գնա ապակառուցողական ճանապարհով գնացող որեւէ կուսակցության հետեւից, քանի որ մեր հասարակությունը քաջատեղյակ է, թե ուր կարող է տանել բեւեռացումը»,- շեշտել է Զուրաբիշվիլին:
Ռուս-վրացական պատերազմի հրահրողը
Վրաստանում չեն մոռանում, որ հենց Ռուսաստանի հանդեպ Միխեիլ Սաակաշվիլիի կոշտ հռետորաբանությունը 2008-ի օգոստոսին պատերազմի պատճառներից մեկը դարձավ:
Դրա մասին 2020-ին հայտարարել է նաեւ Ուկրաինայում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը: Նա ընդգծել է, որ Պուտինի հանդեպ անհաշտ դիրքորոշումը հետագայում անհնարին դարձրեց ռուս-վրացական ցանկացած հարաբերություն: «Կարծում եմ, Սաակաշվիլին շատ բան է արել իր երկրի համար, անցկացրել է շատ բարեփոխումներ` արդյունավետորեն կառուցելով հարաբերություններ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ, բայց Պուտինը շատ նյարդայնացած էր արձագանքում այն կոշտ հռետորաբանությանը, որն իր հանդեպ ընտրել էր Սաակաշվիլին»,- հայտարարել է Կուրտ Վոլքերը:
«Վրաստանի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հանդեպ այլ հռետորաբանություն են ընտրել, սակայն սա չի նշանակում, որ Թբիլիսին Ռուսաստանին հանձնեց բռնազավթված տարածքները եւ մոռացավ ռուսական ագրեսիայի մասին»,- հայտարարել է Վոլքերը:
Գնացե՛ք Կիեւ եւ հարցրե՛ք՝ ով էր Միխոն հեղափոխությունից առաջ
Միխեիլ Սաակաշվիլին 2013-ի ընտրություններում պարտվելուց հետո լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված էր հետախուզում: Նա ութ տարուց ավելի է` չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։ 2015-ին Սաակաշվիլին կորցրել է Վրաստանի քաղաքացիությունն ու արդեն շուրջ վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:
2015-ից մինչեւ 2016-ի հուլիս նա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկով զբաղեցրել է նախագահի խորհրդականի, ապա՝ Օդեսայի նահանգապետի պաշտոնը, որը թողել է Ուկրաինայի իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով:
Սաակաշվիլին անցած տարի սոցցանցում գրել էր, թե Ուկրաինայի նախագահից փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել: «Նախագահի թիմի հետ ես պատրաստ եմ աշխատելու Ուկրաինայի խորհրդարանում եւ այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ուկրաինան այսօրվա համաշխարհային տնտեսական ճգնաժամից նվազագույն կորուստները կրի: Ես նաեւ հույս ունեմ, որ կօգտագործեմ իմ միջազգային փորձը` ներառյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ իմ կապերը»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Սաակաշվիլիի «ինքնասպանությունը» Ջավախքում
2020-ի սպտեմբերի 28-ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին: Սաակաշվիլիի հայտարարությունը կայծակնային արագությամբ տարածվել էր սոցիալական ցանցերում եւ մեծ վրդովմունք առաջացրել վիրահայերի եւ հատկապես ջավախահայերի շրջանում:
Մասնավորապես, նախկին նախագահը նշում էր, որ իր դիրքորոշումը լիովին ակնհայտ է՝ «այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ որեւէ բան չի փոխի այդ հանգամանքը»:
Սաակաշվիլիի այս հայտարարությունը ընտրությունների շեմին գտնվող Վրաստանի հայազգի քաղաքացիների համար մեծ նշանակություն ունեցավ: Հատկապես Ջավախքում մարդիկ ազգի դավաճանություն են համարում Սաակաշվիլիի` «Միացյալ ազգային շարժման» օգտին քվեարկելը:
«Ալիք Մեդիա Վրաստանի» հետ զրույցում ջավախահայերից մեկը նշել էր, որ իր կառավարման տարիներին Սաակաշվիլին բազմաթիվ դրական փոփոխություններ է կատարել Վրաստանի կյանքում, «սակայն նա հայ ազգի թշնամին է»:
«Մեզ համար այդ հայտարարությունը շատ վատ էր, եւ այդ հայտարարությունից հետո հայ մարդը երբեք ընտրություններին Սաակաշվիլիի օգտին չի քվեարկի, հատկապես այս ընթացքում, երբ Արցախում կենաց֊մահու կռիվ է գնում: Նախքան այս հայտարարությունն էլ ես Սաակաշվիլիին չէի ընդունում, նա վրացի ղեկավարների մեջ հայերի հանդեպ ամենավատ ղեկավարն է եղել․ Բերիայի հետ կարող ենք հավասարեցնել»,- ասել էր ջավախահայը:
Վրաստանի նախկին նախագահի հայտարարությունը Հայաստանում նույնպես մեծ արձագանք ունեցավ: ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը։
Սաակաշվիլին՝ ազգամիջյան բախումների սադրիչ
Միխեիլ Սաակաշվիլիի՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող հայտարարությունը սադրանք էր որակել խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:
«Ապակայունացման եւ վնաս պատճառելու դրսեւորում է մի կողմին աջակցություն հայտնելը եւ դիրքորոշում արտահայտելն այն ժամանակ, երբ Վրաստանի շահն է հարեւանությամբ միայն խաղաղություն ունենալը: Սաակաշվիլիի նպատակը վրացիների հետ հարյուրավոր տարիներ խաղաղ բնակվող հայ եւ ադրբեջանական էթնիկ խմբերի բախումներ առաջացնելն է։ Այս հայտարարությունն այլ բան չի կարող նշանակել»,- հայտարարել էր Վոլսկին` հավելելով, որ Վրաստանն առավելագույնս ձեռնպահ ու չեզոք պետք է լինի:
Ընդդիմություն-իշխանություն բանակցություններում նա ոչինչ չի որոշում
Դեռեւս այս տարվա մարտի սկզբին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցերի միջոցով ուղերձով դիմել էր Վրաստանի քաղաքացիներին ու ասել, որ քաղաքական ճգնաժամում հայտնված Վրաստանին ոչ թե հանրաքվե, այլ ընտրություններ են պետք: Նրա այս հայտարարությանն անդրադարձել է նաեւ ընդդիմադիր Էլենե Խոշտարիան`շեշտելով, որ նա ոչինչ չի որոշում ընդդիմություն-իշխանություն բանակցություններում:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը