Թուրքիայի ԱԳՆ խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչն արձագանքել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի այն հայտարարությանը, թե Ֆրանսիայի հետ Հունաստանի ռազմական համագործակցության համաձայնագիրը ներառում է նաեւ ծովային իրավասության ոլորտները:
Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Հունաստանի՝ «ծովային իրավասության եւ օդային տարածքի մաքսիմալիստական պահանջները» հակասում են միջազգային իրավունքին: Նա հայտարարել է, թե Հունաստանը Թուրքիայի դեմ վարում է «սպառազինման եւ օտարացման խնդրահարույց քաղաքականություն»:
Ընդգծելով, որ Հունաստանի վերոհիշյալ պահանջները հակասում են միջազգային իրավունքին` Բիլգիչը հայտարարել է, որ դատարկ երազանք է կարծելը, թե Հունաստանը կարող է Թուրքիային հարկադրել ընդունել Թուրքիայի դեմ ուղղված՝ միջազգային հանրության համար եւս կասկածելի այդ պահանջները՝ նաեւ ՆԱՏՕ-ի համար վնասակար երկկողմ ռազմական դաշինքներ ստեղծելու միջոցով։