Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լիովին ընդունել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման եւ առաջխաղացման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։
Նախարարը նշել է, որ ԱՀԿ-ն վերացրել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի ճանաչման բոլոր խոչընդոտները․ այսօրվա դրությամբ բոլոր արգելքները հանվել են, մնացել են միայն վարչական բնույթի որոշ ընթացակարգեր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել էր կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման գործընթացը: Հունիսին հրապարակած իր զեկույցում ԱՀԿ-ն հայտնել էր, որ Ուֆայում Ռուսաստանի դեղագործական ընկերության՝ «Ֆարմստանդարտ»-ի գործարանում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։
Ընկերությունն ավելի ուշ վստահեցրել է, թե խախտումները լիովին վերացրել է։
Ռուսաստանը «Սպուտնիկ V»-ի հաստատման համար ԱՀԿ-ին եւ Դեղերի եվրոպական գործակալությանն էր դիմել 2021-ի փետրվարին։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը կիրառվում է աշխարհի 70 երկրում, իսկ դրան հավանություն տված բոլոր երկրների ընդհանուր բնակչության թիվը 4 միլիարդ է։