Ամերիկյան Merck դեղագործական ընկերությունն ազդարարել է «Մոլնուպիրավիր» դեղամիջոցի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի բարեհաջող ավարտի մասին։
Դեղամիջոցը ստեղծողների պնդմամբ «Մոլնուպիրավիր»-ը կանխում է կորոնավիրուսի ծանր ընթացքը եւ 50 տոկոսով նվազեցնում հոսպիտալացման եւ մահվան ելքի վտանգը։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ նոր դեղամիջոցի փորձարկումների հաջող ընթացքի վերաբերյալ հրապարակումից հետո Merck ընկերության բաժնետոմսերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում աճել է 8 տոկոսով։
Ընկերության ներկայացուցիչները, ազդարարելով փորձարկումների ընթացքում արձանագրված դրական արդյունքները, մտադիր են առաջիկայում դեղամիջոցի արագացված արտոնագրման խնդրանքով դիմել ամերիկյան իշխանություններին։