Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտնել է, որ պաշտոնական Կիեւը դիմել է Վրաստանին՝ խնդրելով թույլ տալ Ուկրաինայի հյուպատոսին հանդիպել ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ հյուպատոսական եւ իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է այցելել Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Սանդրո Թոփուրիան եւ տեղեկացրել Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման հանգամանքների եւ նրա նկատմամբ քրեական օրենսգրքի հոդվածների մասին: Ուկրաինական կողմն ընդգծել է Սաակաշվիլիի օրինական իրավունքների լիարժեք պաշտպանության անհրաժեշտությունը: Վրացի դիվանագետը հաստատել է Վրաստանի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքային դիրքորոշումը:
Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանք
Ըստ վրացական «Իմեդի» հեռուստաալիքի՝ առաջիկա ժամերի ընթացքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանք կառաջադրվի:
Նա բերման է ենթարկվել Թբիլիսիի Գլդանի-Նաձալադեւի թաղամասի վարձակալած բնակարանից: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Մամուկա Չելիձեն հայտնել է, որ երկրի իրավապահ մարմինները հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով ձերբակալել են Թբիլիսիի այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել էր երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ձերբակալվածը 63 տարեկան է:
Նախկին նախագահ, իսկ այժմ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Սաակաշվիլին հիմա Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում է: Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան այցելել է նրան: Իսկ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոլ Դոլգովը կանչվել է ներքին գործերի նախարարություն:
«Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Էկա Խերխեուլիձեն հայտարարել է, թե Սաակաշվիլին Թբիլիսի է եկել ոչ թե հոկտեմբերի 1-ին, այլ դրանից չորս օր առաջ, «եւ այս փտած կառավարությունը տեղյակ չէ»:
Ապահովել հավասարության սկզբունքը
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանն ու զարգացումներին: «Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում ապահովելու, որ պարոն Սաակաշվիլին վայելի հավասարության սկզբունքը՝ համաձայն Վրաստանի օրենքների եւ Վրաստանի մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը: