Վրաստանում այսօր` հոկտեմբերի 2-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում, ըստ «Իմեդի» հեռուստաընկերության exit poll-ի, ձայների 47,6% -ով առաջատար է գործող իշխանական «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրորդ տեղում` 27.1% -ով` Սաակաշվիլիի՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Մեկ այլ` Mtavari Archi հեռուստաընկերության exit poll-ով՝ «Վրացական երազանքը» կստանա ձայների 38.6%-ը, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 33%-ը, իսկ երրորդ տեղում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է՝ 7,6% ձայներով։ Չի բացառվում, որ հաջորդ տարի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որոնց արդյունքները կարող են ուրվագծվել արդեն այսօրվա ՏԻՄ ընտրություններում։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «արժանապատիվ հաղթանակ» է որակել ընտրությունների արդյունքները եւ դրա առթիվ շնորհավորել քաղաքապետներին, կուսակցության համակիրներին: «Այսօր մենք ավարտեցինք երկրում բեւեռացումը: Այսօր մենք ավարտեցինք ատելության եւ ստի դարաշրջանը: Վաղվանից պետք է սկսվի հանգստության, զարգացման եւ կայունության դարաշրջան»,- եզրափակել է Վրաստանի վարչապետը:
«Վրացական երազանք». երեկ, այսօր, վաղը
2011-ին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որն իր կարողությունը ձեռք էր բերել Ռուսաստանում, հայտարարեց, որ զբաղվելու է քաղաքականությամբ եւ հիմնադրեց «Վրացական երազանք» կուսակցությունը։ 2012-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթեց։ Կուսակցությունը իշխանության մնաց նաեւ 2016 եւ 2020 թվականների խորհրդարանական ընտրություններից հետո։
2020-ի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր բոլոր կուսակցությունները՝ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավորությամբ, վիճարկեցին ընտրությունների արդյունքները, որոշեցին հրաժարվել մանդատներից եւ պահանջեցին անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամ, որը շարունակվում է մինչ օրս։ Այն հաղթահարելու համար քաղաքական ուժերն առաջարկում են հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնել։