Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Մենք մի հանդիպում ունեցել ենք այս տարվա սկզբին՝ եռակողմ ձեւաչափով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ Փաշինյանի հետ բանակցություններին ցանկացած ժամանակ, երբ նա պատրաստ կլինի»:
Ալիեւը ասել է, թե բաց է քննարկումների համար. «Ես կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, այս էջը շրջվել է: Սա շատ կարեւոր է»,- պնդել է նա:
Ականազերծման ու բարիդրացիության «ճանապարհային քարտեզը»
Ադրբեջանի նախագահը նշել է, թե իրենց պահանջն է, որ Հայաստանը տրամադրի ականապատման ճշգրիտ քարտեզները: Ալիեւը մանրամասնել է, որ Հայաստանից պահանջում են ոչ թե այն տարածքների քարտեզները, որոնք ականապատված են, այլ ականների տեղադրման կոնկրետ վայրերի մասին տեղեկությունը։ «Նման քարտեզներ գոյություն ունեն։ Եթե հայկական կողմը դա անի, բարի կամք դրսեւորի, մենք էլ համարժեքորեն կպատասխանենք»,- հայտարարել է նա։
Ալիեւը պնդել է, որ ականապատ տարածքների քարտեզները չունենալու պատճառով նախորդ տարվա ընթացքում վիրավորվել կամ մահացել է 150 ադրբեջանցի զինծառայող կամ քաղաքացիական անձ:
Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ ցանկանում է հաստատել նորմալ հարաբերություններ՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման վրա: Նա նշել է, որ իրենք պատրաստ են անհապաղ սկսելու սահմանների սահմանագծումը եւ դրա ավարտից հետո, իհարկե, նաեւ անցնելու սահմանազատմանը։
«Մենք նաեւ պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանի հետ աշխատելու խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ընդգծել է Ալիեւը։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ սահմանագծման եւ սահմանազատման հարցում ավելի քան պատրաստ է ընդունելու ԵՄ օգնությունն ու համագործակցելու ԵՄ-ի հետ, սակայն Հայաստանը վարանում է: «Հայաստանը չի որոշել՝ ընդունի՞ ԵՄ-ի առաջարկը, թե՞ ոչ: Այնինչ Ադրբեջանի դիրքորոշումը շատ բաց է. ԵՄ-ն պատրաստ է աշխատելու, եւ տարբեր մակարդակներում արդեն մեր պաշտոնյաները մշտական կապի մեջ են ԵՄ-ի հետ: ԵՄ-ն կարող է մեզ օգնել սահմանագծման, հաղորդակցությունների բացման, ինչպես նաեւ հետպատերազմյան զարգացման հարցերում»:
Իրեն տուժած կողմ է հռչակել
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ ԵՄ-ի հետ քննարկում են տնտեսական օգնության հարցը. «Լսել ենք եւ գիտենք, որ ԵՄ-ն Հայաստանի համար 2,6 միլիարդ եվրոյի տնտեսական օգնության փաթեթ է պատրաստել կամ պատրաստման փուլում է, եւ իհարկե ակնկալում ենք, որ նույն պայմաններով եւ չափով գումար կառաջարկվի Ադրբեջանին՝ դրամաշնորհների թե պարտքի տեսքով, այն պիտի հավասար լինի, քանզի մենք ենք տուժած կողմը»:
Ալիեւը գանգատվել է, որ Ադրբեջանը ունի 10000 կիլոմետր ամբողջությամբ ավերված տարածք, հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, հետեւաբար, ըստ նրա, տնտեսական փաթեթը կարող է անհավասարաչափ լինել:
«Հիմա մենք ԵՄ-ի հետ կապի մեջ ենք եւ տնտեսական աջակցության փաթեթի առաջարկ ենք ակնկալում նրանցից: Այնպես որ, ԵՄ-ն շատ բան կարող է անել, եւ մենք պատրաստ ենք օգտվելու առիթից, մենք վստահում ենք ԵՄ-ին եւ կարծում ենք, որ նա ազնիվ միջնորդ է»,-շեշտել է Ալիեւը: