Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը տարածաշրջանում անվտանգության մի շարք խնդիրներ է ստեղծել նաեւ Իրանի համար։ Իրանի անվտանգային համակարգի համար լուրջ մարտահրավեր են ե՛ւ Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում, ե՛ւ Իսրայելի գործուն աջակցությունը Ադրբեջանին, ե՛ւ վարձկանների՝ կարծես մոռացության տրված հարցը։
Միաժամանակ, Իրանին մտահոգում է նաեւ տարածաշրջանի հետագա զարգացումների ընդհանուր պատկերում իր մեկուսացվածության հարցը։ Ռուս-թուրքական քննարկումներն ու պայմանավորվածությունները Իրանին դուրս են թողնում տարածաշրջանային խաղացողի իր դերակատարումից՝ նրա շահերի հարցը լուրջ սպառնալիքի ենթարկելով։
Դեռ պատերազմի օրերին Իրանը, հանդես գալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման սեփական ծրագրով ու այդ ծրագիրը քննարկելու համար նախաձեռնած տարածաշրջանային շրջագայությամբ, փորձեց միջամտել ստեղծվող երկբեւեռ համակարգին ու բարձրացնել նաեւ իր շահերի խնդիրը։
Նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարությունը, սակայն, ամրագրում էր տարածաշրջանում ռուս-թուրքական համագործակցությունը եւ առկախված թողնում այն մարտահրավերները, որ առաջացել էին ե՛ւ Հայաստանի Հանրապետության, ե՛ւ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Դրանք են՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին դրույթը «Զանգեզուրի միջանցք»-ով մեկնաբանելու թուրք-ադրբեջանական համառ հետեւողականությունը, վարձկանների՝ հայտարարության մեջ հիշատակված չլինելը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման պարտադրանքն ադրբեջանական ռազմական ագրեսիայի պայմաններում ու դեռեւս անհասկանալի սկզբունքներով։
Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Իրանը կարծես դուրս են մնում այս խնդիրների քննարկումների եւ լուծումների գործընթացից, քանի որ հետպատերազմական ստատուս քվոն քիչ խաղաքարտեր է թողել, եթե չասենք՝ զրկել է դրանցից Հայաստանին, իսկ Իրանը ներգրավված չէ մեծ մասամբ ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ կամ ռուս-թուրքական երկկողմ ձեւաչափերում։
Որպես այլընտրանքային գործիք՝ Իրանի իշխանությունները ընտրել են հարցերին հանրայնորեն անդրադառնալու, իրենց պատկերացրած վտանգավոր լուծումները դատապարտելու, ինչպես նաեւ վերջին օրերին նաեւ ռազմական հզորությունը ցույց տալու եւ իրենց հուզող հարցերը նաեւ ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամություն ցույց տալու ուղին։
Իրանի հյուսիսարեւմտյան սահմանների երկայնքով լայնածավալ զորավարժություններ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են բավականին կոշտ քաղաքական հայտարարություններով եւ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատություններով։ Այս արձագանքների մեխն այն քննադատությունն է, որ Ադրբեջանը Իսրայելական ծրագրերի իրագործման գործիք է դարձել եւ թուրքական աջակցությամբ իրեն թույլ է տալիս ավելին, քան պիտի թույլ տա Իրանի հանդեպ։
Այս քննադատությունների համատեքստում Ադրբեջանին «դարձի բերելու» համար նշվում է, որ Ադրբեջանը բարեկամ պետություն է, որ Իրանին որպես մայր պիտի վերաբերվի, որ չպիտի մոռանա իր կապերը Իրանի հետ եւ այլն։ Առանձնահատուկ շեշտադրվում են նաեւ սահմանների անխախտելիության սկզբունքի կարեւորության ու երկրների տարածքային ամբողջականության պահպանման հարցերը։
Այսպես, Իրանի Բանակի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քիոմարս Հեյդարին հայտարարել է. «Մենք թույլ չենք տա, որ Իրանին հարեւան հյուսիսարեւմտյան երկրների սահմանները փոխվեն»: Նման հայտարարություններով են հանդես գալիս նաեւ ներկա եւ նախկին պաշտոնյաներ, փորձագետներ՝ սահմանների փոփոխությունը կարմիր գիծ անվանելով Իրանի համար։
Միաժամանակ, կոշտ արձագանքի, քննադատության, երբեմն էլ ծաղրի ենթարկվեց անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատկապես այն բանից հետո, երբ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում վրդովմունք հայտնեց Իրանի անցկացրած զորավարժությունների տեղի ու ժամանակի առնչությամբ։ Նա հռետորական հարց էր տալիս, թե ինչու Իրանն այդ հատվածում զորավարժություններ չէր անում վերջին երեսուն տարվա ընթացքում, երբ սահմանից այն կողմ վերահսկողությունը հայերինն էր։
Հայաստանի հետ սահմանի ու Հայաստանի միջոցով Եվրոպայի հետ կապի հարցերն Ադրբեջանի՝ Գորիս-Կապան ճանապարհին իրականացրած սադրանքներով ու «Զանգեզուրի միջանցքի» մասին պնդումներով, պետք է դիտարկել նաեւ Իրան-եվրոպական երկրներ, Իրան-ԱՄՆ, Իրան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում։ Ներկա փուլում Իրանում խոսում են «Միջուկային ծրագրի» շուրջ քննարկումները վերսկսելու մոտ ժամկետների մասին։ Եվրոպական երկրները շահագրգռված են այս քննարկումների հաջողությամբ եւ Իրանի՝ պատժամիջոցներից ազատվելու պարագայում Իրան-եվրոպական երկրներ տնտեսական ծրագրերի իրագործմամբ։ Հայաստան-Իրան սահմանի համար ստեղծված սպառնալիքների չեզոքացումը հավասարապես կարեւոր է նաեւ այս դերակատարների համար։
Կարեւոր է, որ ռազմական կարողությունների ցուցադրմանը զուգահեռ Իրանը փորձի նաեւ քննարկումների մեջ ներգրավվելով չեզոքացնել վերոնշյալ մարտահրավերները։ Այս իմաստով՝ տեղին կլինի, որ մեր հասարակական ընկալումն էլ «գուբեռնիա-վիլայեթ» սպառնացող երկընտրանքից վրդովված «օսթան» լինելու հեռանկարով չոգեւորվի, այլ Իրանի ներկա կոշտ դիրքորոշումը օգտագործի որպես լծակ իր շահերից բխող լուծումները պարտադրելու։
Եվ, վերջում, կուզեի անպայման շեշտել, որ տարածաշրջանում ցանկացած նոր ռազմական էսկալացիա հղի է անկանխատեսելի ռազմաքաղաքական հետեւանքներով ու շատ կանխատեսելի, միաժամանակ բացարձակապես անտեսված հումանիտար աղետներով։ Հրաշալի կլինի, եթե հեքիաթային «չար ու բարու կռվից» մի քիչ վերացարկվենք տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելիս եւ մեզ համար ենթադրյալ կամ երեւակայական շահեր ուրվագծելիս։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։