Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկահայ հետազոտող Արտեմ Փաթափությանին եւ Դեյվիդ Ջուլիուսին։
Մրցանակակիրների անուններն այսօր հայտարարել է Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեն: Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ մրցանակը շնորհվել է ջերմության եւ շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։ Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն արձագանքում ջերմաստիճանին ու հպումներին:
54-ամյա մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը ծնվել է Բեյրութում, սովորել Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1986-ին՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում, ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Ներկայում ղեկավարում է SCRIPPS գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական տարրալուծարանը»:
Տեխնոլոգիական գիտությունների դոկտոր Փաթափությանը, 2000-ին սկսելով աշխատել Սքրիպսի հետազոտական ինստիտուտում, գլխավորել է նեյրոկենսաբանության կենտրոնը՝ աշխատելով իոնային ալիքների եւ ջերմաստիճանի ու հպման զգացողությանը մասնակցող ընկալիչների նույնականացման, ինչպես նաեւ պրոպրիոցեպցիայի եւ արյան ճնշման կարգավորման ուղղությամբ:
Փաթափությանի վերջին պարգեւների թվում են Օլդեն Սփենսերի մրցանակը (2017-ին Դեյվիդ Գինտիի հետ համատեղ) եւ Ռոզենսթիլի մրցանակը (2019-ին Դեյվիդ Ջուլիուսի հետ համատեղ)՝ հիմնարար բժշկական հետազոտությունների բնագավառում ակնառու նվաճումների համար:
2017-ին Փաթափությանն ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 2020-ին՝ Ամերիկյան արվեստի եւ գիտությունների ակադեմիայի անդամ։
Նշենք նաեւ, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր առաջին հայը կլիմայագետ Դորկ Սահակյանն է։ Ամերիկահայ Դորկ Սահակյանը գործուն մասնակցություն է ունեցել կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի գնահատման չորս զեկույցներից երեքի կազմմանը, որի համար 2007-ի հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ համատեղ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
67-ամյա գիտնականը 2004-ից ՄԱԿ-ում կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի նախագահն է: