Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Իդալգոն Թվիթերի իր էջում հրապարակել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա Բեռնար-Անրի Լեւիի՝ Le Point-ում հրապարակված «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» խորագրով հոդվածի հղումը եւ նշել. «Լիովին համաձայն եմ. Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Բեռնար-Անրի Լեւին իր հոդվածում շեշտել է, որ Ֆրանսիան հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համարձակություն պետք է ունենա: «Լեռնային Ղարաբաղում Հայաստանին սատարելը քաղաքական, բարոյական եւ գրեթե մետաֆիզիկական հրամայական է»,- ընդգծել է Լեւին։
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ՝ 2020-ի նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատը 305 «կողմ», 1 «դեմ» եւ 30 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը:
Նշենք, որ Փարիզի քաղաքապետը 2022-ին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։