Առաջիկայում հնարավոր է՝ Ստամբուլի պողոտաներից կամ հրապարակներից մեկն անվանակոչվի Բալյանների անունով: Այսպիսի խոստում է տվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ շաբաթ օրը Սկյուտարի Ս. Խաչ գերեզմանատանը Բալյան արքունի ճարտարապետների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Ստամբուլում գործող «Հայճար» միության նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի սկզբին կազմակերպվում է Բալյանների հիշատակի օր, որին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաեւ թուրք բարձրաստիճան պաշտոնյա: «Ալիք Մեդիա»-ն Պոլսո հայոց պատրիարքարանից տեղեկացավ, որ պատրիարք Սահակ արք. Մաշալյանը Բալյանների դամբարանում տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ համակեցության կոչ է արել: Նա նշել է, որ Թուրքիայում փոքրամասնություններն անհանգիստ են ատելության խոսքի առաջացրած ներկա մթնոլորտում:
«Դժբախտաբար, ականատես ենք լինում, որ որոշ շրջանակներում «հայ» բառն ատելություն է խորհրդանշում: Սակայն ես ցանկանում եմ եւ աղոթում, որ «հայ» բառը, ինչպես անցյալում, այսօր էլ ընկալվի իբրեւ այս երկրի պտղավորության խորհրդանիշներից մեկը: Բալյան ընտանիքի նման բազում հայեր հօգուտ այս երկրի իրենց ծառայությունն են բերել»,- հայ եւ թուրք հյուրերին դիմելով՝ ասել է Պոլսո հայոց պատրիարքը:
Ստամբուլի քաղաքապետը խոսել է Ստամբուլի եւ Թուրքիայի այլ քաղաքների կառուցման գործում Բալյան ճարտարապետների ներդրման մասին եւ խոստացել, որ փողոց կամ հրապարակ անվանակոչելու իր առաջարկը կքննարկի Ստամբուլի քաղաքապետության անդամների հետ: Նա ասել է, որ այդ փողոցում կարող է դրվել նաեւ Բալյանների ճարտարապետությունը խորհդանշող ինչ-որ արձան: Էքրեմ Իմամօղլուն հայկական դամբարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նվեր է ստացել Բալյանների մասին վերջին գիրքը, որը ներկայացնում է 18-19-րդ դարերում ապրած հայ հռչակավոր այդ ընտանիքի պատմությունն ու օսմանյան սուլթանների համար նրանց կառուցած շքեղ պալատները, Կ. Պոլսի դեմքը կազմող հանրային նշանակության կառույցները, դամբարանները, կրոնական ու արտադրական շինությունները, զորանոցները եւ այլն:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։