Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է:
Սարգիս Վահագնը (Սարգիս Փաթափության) ծնվել է Լիբանանում 1927 թվականին: Նա բազմաթիվ վեպերի, թատերգությունների եւ այլ գրական գործերի հեղինակ է, ունի մոտ երկու տասնյակ հրատարակված գիրք, եղել է «Շիրակ» ամսագրի խմբագրակազմի անդամ, 1987 թվականից բնակվում է Լոս Անջելեսում:
Իր «Արշիլ Կորքի» վեպի համար Սարգիս Վահագնը արժանացել է Թեքեյան մշակութային միության գրական եւ «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների։ 2008 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ստացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», սփյուռքի նախարարության կողմից՝ «Վիլյամ Սարոյան» շքանշանները:
Ինչպես տեղեկացրել ենք, բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակակիրների անուններն այսօր հայտարարել է Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեն: 54-ամյա մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը մրցանակը ստացել է Դեյվիդ Ջուլիուսի հետ: