Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսել է արցախյան պատերազմում դավադրաբար կրած պարտության մասին։ Նա ասում է, թե դեռ 3-4-րդ օրն էր հասկացել, որ պատերազմը մեզ համար լավ ելք չի ունենա։
Երկրորդ նախագահը հայտարարում է, որ մինչեւ 2018-ը Ադրբեջանը փորձել է «Ղարաբաղի դիմաց գումարով [կաշառելով] ինչ-որ հարցեր լուծել»։ Եվ չի շարունակում՝ արդյոք Ադրբեջանին հաջողվե՞լ է լուծել այդ հարցերը, բայց պնդում է, որ փորձերը եղել են նաեւ 2018-ից հետո։
Եվ որպես ասվածի ապացույց, թե Ադրբեջանը գերազանց գիտեր ինչպես մղել իր կռիվն արդեն Արցախի տարածքում, մասնավորապես Ստեփանակերտում, ասում է․ «Ստեփանակերտի նախագահական շենքի 300 մետր շառավղով ոչ մի արկ չի պայթել: Մեկ ջարդած պատուհան, մեկ ջարդած ապակի այդ շենքի վրա չկար այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում, հրթիռակոծվում էր: Հարց չի՞ առաջանում՝ ում էին խնայում»։
Պարոն Քոչարյանը տեղեկություններ ունի, որ «պատերազմի ամբողջ ընթացքում Արցախի նախագահական պալատում Արայիկ Հարությունյանից զատ գտնվել են մարդիկ»։ Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է, որ հենց նախագահականում նստածներն են նպաստել, որ Ադրբեջանը կարողանա անվրեպ խոցել մարտադաշտ շտապող մեր զինվորական շարասյուները։ Նույնիսկ Գյանջայի հրետակոծման հրամանը, ըստ նրա, տվել է ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ շենքում գտնվող մեկ ուրիշը. «այդ շենքում գտնվում էին մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը»։
Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը խոսում է դավաճանության մասին։ Սրանք փաստեր են, որոնց Փաշինյանի իշխանությունը դժվար թե կարողանա սպառիչ պատասխան տալ, դրա համար այլ իշխանություն է պետք։
Բայց Քոչարյանի այս հայտարարությունները հետաքրքիր են նրանով, որ փողոցային պայքարի ճանապարհով իշխանափոխության մեկնարկը տալով է նա խոսում այս ամենի մասին։ Որովհետեւ մինչ այդ ասում է, որ «երբ ասում ենք փողոցային պայքար, չի նշանակում, որ մամուլի ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի եւ հայտարարի, որ մեկ ժամից հավաքվում ենք։ Սա մի գործընթաց է, որը պետք է գեներացնենք։ Եթե չկարողանանք գեներացնել, նշանակում է կա՛մ ճիշտ բառապաշարը չենք ընտրել ժողովրդի հետ շփվելու, կա՛մ այնուամենայնիվ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է»։
Մարդը ձեռի հետ ժողովրդին ասում է՝ դուք հիմա էլ եք մեղավոր այս խայտառակ պարտության համար, բայց եթե մեր իշխանափոխությանը չմիանաք, ուրեմն մեղավոր եք նաեւ դավադրաբա՛ր կրած պարտության համար։ Սա ասում է երբեւէ ՀՀ նախագահ եղած մարդը։ Ռոբերտ Քոչարյանը դեռ մտադիր է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել արցախյան ճակատում, բայց մեղավորներից ամենատեսանելիին՝ ժողովրդին, նա արդեն գիտի։
Հետաքրքիր է, որ ուղիղ մեկ օր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես էր նկարագրում իշխանափոխության հաջողության մեխանիզմը․ «Ավելի լավ է մենք լինենք հազար հոգի, բայց իմանանք, որ հազար մարտականորեն տրամադրված մարդ կա, քան լինենք 20000, եւ 200-300 հոգին այդպես մտածեն։ Սա է հաղթանակի հասնելու ճանապարհը եւ ոչ թե առավոտից իրիկուն ժողովրդին ինչ-որ բաներ բացատրելը»։
Ու ամենահետաքրքիրն այն է, որ Քոչարյանի ասուլիսից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը ուրվագծում է, թե ինչ նպատակ չպետք է դնես քո առաջ իշխանափոխություն անելիս․ «Ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե ընդդիմադիր ուժերն իրենց առջեւ միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխության, այլ ոչ թե իշխանության գալու»։
Երրորդ նախագահը խորհուրդ է տալիս, որ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարը չփորձի անել նույն սխալը, որն արեց Փաշինյանը՝ անձամբ վերցնել իշխանությունը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: