ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զգուշացրել է, որ թուրքական զnրքերը պետք է դուրս գան Սիրիայից:
«Ես չեմ անդրադառնա Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությանը, ես հղում կանեմ հենց Էրդողանի հայտարարություններին, որտեղ նա բազմիցս հրապարակային հայտարարել էր, որ Սիրիան անկախ պետություն է, եւ Թուրքիան լիարժեք հարգանք կցուցաբերի Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ընդգծել է Լավրովը:
Թուրքիայի եւ ՌԴ-ի նախագահների միջեւ Սոչիում օրերս տեղի ունեցած բանակցությունները, ըստ դիտորդների, թուրքական կողմի համար բավական բարդ էին ընթացել:
Պուտինն Էրդողանին ստիպում է լուծել Իդլիբի հարցը
Ըստ թուրքական «Cumhuriyet» պարբերականի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գործողություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպել է լուծել Իդլիբի խնդիրը:
Հոդվածի հեղինակ Օրհան Բուրսալին գրել է, որ Անկարայի հովանավորությունը վայելող Դամասկոսի ապստամբների քաղաքական ապագան աղոտ է: Թուրք լրագրողն այն համոզմունքն է հայտնել, որ քաղաքականությունը պետք է հիմնված լինի հավանական երեւույթների վրա, իսկ անհավանականը ստիպողաբար առաջ տանող քաղաքականությունը դատապարտված է ցավալի պարտության։
Բուրսալին, վերլուծելով Սոչիի հանդիպումից երկու օր անց սիրիական հայտնի M-4 մայրուղում Ռուսաստանի վերսկսած գործողությունները, գրել է, որ դրանք վկայում են ճանապարհային անվտանգությունն ապահովել ձգտող Պուտինի վճռականության մասին:
Էրդողանը Սոչիից վերադառնալիս հայտարարել էր, որ ինքն ու Պուտինը խոսել են Սիրիայի հարցի մշտական, վերջնական եւ կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունից:
Պուտինի գործողությունների հետեւողականությունն, ըստ թուրք վերլուծաբանի, նպատակ ունի ապահովելու, որ Էրդողանը միջոցներ ձեռնարկի այդ խոստումները հնարավորինս արագ կատարելու համար:
Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական տարբեր խմբավորումների վերահսկողության տակ է, եւ Սիրիայի բանակը մտադիր է նահանգի որոշ շրջանները մաքրել Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության (ԻԼԻՊ-ի), Ալ-Նուսրայի ճակատի եւ այլ ահաբեկչական խմբավորումների ներկայությունից: