Վերջին շաբաթներին Թուրքիայի ու Հայաստանի առաջնորդները բաց խոսեցին երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու հետաքրքրվածության մասին։ Ազդակները նախնական էին, ոչ հստակ եւ չէին խոստանում քաղաքական գործընթացի շարունակականություն կամ բեկում։ Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը բարձրացվել է պարբերաբար։ Հիշատակման արժանի են 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, որոնք, սակայն, հետագայում հաջողության չհասան։ Արդյո՞ք ներկա փորձը կարող է հաջողել։ Որո՞նք են ռիսկերն ու օգուտները, որ կողմերը կարող են ակնկալել։ Ի՞նչ դեր ունեն այս ամենում Ռուսաստանն ու Ադրբեջանը, համաշխարհային ու տարածաշրջանային այլ դերակատարները։
Այս հարցերի շուրջ Կովկասյան թողարկման (Caucasus Edition) «Նոր պատերազմ եւ խաղաղություն» շարքի յոթերորդ վեբինարում զրուցում են Կովկասյան թողարկման (Caucasus Edition) խմբագիր, Սան Դիեգոյի համալսարանի, Կրոք դպրոցի Peace Studies-ի դասախոս Ֆիլիպ Գամաղելյանը եւ Միջազգային ճգնաժամային խմբի (Crisis Group) Թուրքիայի ծրագրերի ղեկավար Նիգար Գոկսելը։
Հարաբերությունների կարգավորման օգուտներն ու ռիսկերը
Ֆիլիպ Գամաղելյան — Հայաստանի համար հարաբերությունների կարգավորման ամենաքննարկված օգուտներից մեկը դեպի Թուրքիա ճանապարհները բացելու տնտեսական օգուտն է։ Սաո չ միայն վերաբերում է Թուրքիայի հետ ճանապարհային հանգույցների ապաշրջափակմանը, այլեւ ենթադրում է ճանապարհ դեպի Միջերկրական ծով ու մնացած աշխարհի հետ կապի ստեղծում։ Նույն տրամաբանությամբ, սա շահավետ է Թուրքիայի համար, որ ոչ միայն Հայաստանի հետ է բացում իր սահմանը, այլ նաեւ ճանապարհ է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա եւ այլ տարածաշրջաններ։ Ուստի երկու կողմերի համար էլ կա տնտեսական օգուտ։
Հայաստանի համար առկա է նաեւ քաղաքական օգուտ։ Ճանապարհների բացումը կարող է ակտիվացնել արեւմուտքի եւ արեւելքի հետ հարաբերությունները, ինչը նաեւ նշանակում է արտաքին քաղաքականության բազմազանեցում եւ ինտեգրում համաշխարհային քաղաքական համակարգի մեջ։
Կա նաեւ ավելի քիչ շոշափելի մի օգուտ, որը վստահության հաստատումն է։ Երկու հասարակությունները գրեթե հարյուր տարի իրարից մեկուսացված են եղել։ 2000-ականներին օդային հաղորդակցության բացումն օգնեց հասարակություններին իրար մասին բազմաթիվ կարծրատիպեր կոտրելու. մինչ այդ անհայտ, կարծրատիպային թշնամին փոխակերպվեց հասարակ մարդու։ Բայց օդային ճանապարհների բացումը ազդեց միայն փոքր խմբի վրա։ Սահմանների բացումը կստեղծի ամենօրյա հարաբերությունների հնարավորություն, ինչն էլ կարող է օգնել վստահության հաստատմանը։
Պատահական չէ, որ կարգավորման գործընթացի համար բարենպաստ համատեքստը միշտ չէ, որ կա եւ լինում է միայն ամեն 10-15 տարին մեկ։ Կարգավորման առաջին փորձը եղել է 1990-ականներին, երբ Հայաստանը անկախացավ, սակայն այն տապալվեց 93-ին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ 2000-ականներին փակ բանակցային գործընթացն ունեցավ փոքր հաջողություն, այն է՝ օդային ուղիների բացումը։ Բայց այս գործընթացն էլ չհաջողեց դիվանագիտական կապեր հաստատել։ Տասներկու տարի անց կարգավորման նոր փորձ ենք նկատում։ Սովորաբար հնարավորությունը բացվում է այն ժամանակ, երբ Հայաստանում նոր կառավարություն է ձեւավորվում։ Ի հեճուկս պատերազմում կրած պարտության՝ Փաշինյանը հաղթել է վերջին արտահերթ ընտրություններում, ինչը ժողովրդական մանդատ է։
Այնուամենայնիվ, կարգավորման նախորդ փորձերը մի ընդհանրություն ունեին։ Բացի ի վերջո տապալվելուց՝ դրանք նաեւ կարճ կյանք ունեին։ Հարաբերությունների կարգավորումը քաղաքականապես պոպուլյար երեւույթ չէ։ Հակառակը՝ այն դրականորեն չի ընկալվում ու դժվար երեւույթ է ժողովրդին համոզիչ ներկայացնելու համար։ Հնարավորության այս պատուհանը ներկայիս կառավարության համար էլ կփակվի առաջին իսկ ճգնաժամի հետ։
Ճգնաժամը կարող է լինել ներքին, օրինակ՝ տնտեսական, կամ կարող է լինել արտաքին ազդակներից հրահրված, օրինակ՝ Անկարայի հռետորաբանության կոշտ փոփոխություն։ Թուրքիայից եկող սկզբնական եւ այժմյան հայտարարությունները տարբեր են։ Սկզբում ավելի դրական էին, իսկ վերջինները, կարծես, ավելի կոշտ են եւ, թերեւս, ավելի շատ նախապայմաններ են ենթադրում։ Գոնե հայկական մեդիայում այսպես է ներկայացված։ Այսպիսով՝ հայտարարությունները կարող են սխալ ընկալվել։
Սա ինձ հանգեցնում է մեկ այլ հարցի․ ի՞նչ են նրանք փորձում հանրայնորեն հայտնել։
Հայկական կողմն ասում է «կարգավորում Թուրքիայի հետ առանց նախապայմանների»։ Սա Հայաստանի նախկին բոլոր առաջնորդների հռետորաբանությունն է, ուստի այստեղ կա խոսքի շարունակականություն։ Իհարկե, նախապայմանների բացակայությունը, ինչ-որ առումով, նույնպես նախապայման է ու մի քանի բան է նշանակում։ Հայաստանի տեսնակյունից՝ սա նշանակում է, որ Հայաստանը Թուրքիային չի պարտավորեցնում ընդունել Հայոց ցեղասպանութունը։ Սա մեծ քայլ է Հայաստանի հանրության ու սփյուռքի համար ու Հայաստանի կառավարության կողմից արվող կարեւոր քայլ է։ Մյուս կողմից, սա նաեւ նշանակում է, որ կա ակնկալիք, որ Թուրքիան չի կապի կարգավորման գործընթացը Հայաստան-Ադրբեջան գործընթացի հետ, որն իր հերթին ավելի դժվար թշնամական կետում է։
Նիգար Գոկսել — Մի կարեւոր կետ, որ քիչ ուշադրություն գրավեց, այն է, որ Անկարան պնդում է տարածքային ամբողջականության եւ սուվերենության կարեւորությունը՝ հուշելով, որ հարգելու է Հայաստանինը ու դրան սպառնացող վտանգ չի հանդիսանալու։ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելուն զուգահեռ Թուրքիան պատրաստվում է նաեւ պաշտպանելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միեւնույն ժամանակ, այն ազդակ է ուղարկում, որ իր տարածքային ամբողջականությունն էլ պետք է հարգվի։ Չեմ կարծում, թե սա նախապայման է, բայց ազդակ է, որ ոչինչ չպետք է սեպ խրի Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների միջև։ Պետք է հաշվի առնել, որ այս հայտարարությունները նաեւ հղված են Բաքվին, Մոսկվային ու ներքին ազգայնական խմբերին, որպեսզի առիթ չտան Ռուսաստանին վարվելու 2009-ի սցենարով, որը փորձեց օգտվել Թուրքիա-Ադրբեջան վատթարացող հարաբերություններից։
Ոչ էլ առիթ տալ ներքաղաքական խմբերին, որոնք Ադրբեջանի հետ վատ հարաբերությունները տեսնում են որպես Էրդողանին թուլացնելու հնարավորություն։
2009-ի կարգավորման փորձը, երբ Ադրբեջանը մոբիլիզացրել էր թուրքական ազգայնականներին, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար շարժում սկսեին թուրքական կառավարության քաղաքականության դեմ, եւ երբ Ռուսաստանը փորձում էր նպաստել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների սրմանը, սպիներ է թողել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Թուրքիայում։ Ուստի Անկարայի հայտարարությունները կարելի է ընթերցել որպես «Մենք ուզում ենք հարաբերությունների կարգավորում Հայաստանի հետ, բայց թող ոչ ոք սա չընկալի որպես Թուրքիայի դիրքը տարածաշրջանում թուլացնելու հնարավորություն կամ Թուրքիայի ներսում կառավարությանը թուլացնելու փորձ»։
Ի հավելումն սրա` Անկարան փորձում է առաջ տանել տարածաշրջանային ինտեգրման գաղափարը՝ ասելով․ «Եկեք կենտրոնանանք տարածաշրջանային ինտեգրման վրա, քանի որ այն Հայաստանի ու Թուրքիայի շահերից է բխում, բայց նաեւ ընդունելի կարող է լինել մյուսների համար»։
Կարծում եմ, Անկարայի տեսանկյունը հիմնված է այն ընկալման վրա, որ այս գործընթացը կարող է տապալվել, եթե Բաքուն կամ Մոսկվան ինչ-որ պահի զգան, որ այն վնասում է իրենց շահերին, ու այս գործընթացն Անկարայի համար ներքաղաքական կամ տարածաշրջանային մարտահրավեր դարձնեն։
Իհարկե, սա միայն այլ դերակատարներին սիրաշահելու նպատակ չի հետապնդում։ Տարբեր պատճառներ կան, թե ինչու է տրանպորտային ու հաղորդակցային կապերի վերաբացումը որպես թիրախ ընտրվել։ Անկարան այս գործընթացում նաեւ Արեւմուտքին կցանականար տեսնել։ Նույնիսկ, երբ թվում է, թե այս պահին Արեւմուտքը դուրս է մնացել տարածաշրջանային գործընթացներից, այստեղ ավելի երկարատեւ օգուտներ կան նրանց համար, որպեսզի հետաքրքրված լինեն տարածաշրջանային ինտեգրմամբ։
Ինչպես Անկարան պետք է նկատի Հայաստանի՝ 2009-ի փորձից հետո մնացած սպիները, այնպես էլ Հայաստանը պետք է գիտակցի, որ Անկարան էլ է կրում սպիներ, որ ազդում են ներկա քաղաքականության վրա։
Ֆիլիպ Գամաղելյան — Եզրափակելով՝
- 2009-ից մնացած սպիները երկու կողմի համար էլ լուրջ են։ Շատ քաղաքական կապիտալ էր ներդրված այդ գործընթացի մեջ, սակայն այն մեծ տապալման հանգեց։ Այս գործընթացում երկու կողմերի նախապայմաններն ու կարմիր գծերը ավելի ակնհայտ պետք է ներկայացվեն հիմա։
- Երրորդ կողմերի շահերը պետք է հաշվի առնել մինչեւ առաջ անցնելը։ Բայց դա պետք է անել միայն ինչ-որ չափով, քանի որ սեղանին դրված է երկկողմանի հարաբերությունների ճակատագիրը։
- Սա մտքում ունենալով՝ կարծում եմ, որ այժմ ուղիղ կապեր հաստատելու կարիք կա։ Այլապես հնարավոր չի լինի հռետորաբանական վարժանքների փուլից դուրս գալ։
Նիգար Գոկսել — Թուրքիան ծայրահեղ անհամաձայնություններ ունի Հունաստանի հետ պատմության եւ Կիպրոսի շուրջ, բայց դա չի նշանակում, որ նրանք խզել են դիվանագիտական հարաբերությունները։ Դու կարող ես ունենալ ուղիղ կապ ու վիճել տարածայնությունների մասին կամ աշխատել տարածաշրջանային համագործակցության վրա։ Ունենալ դիվանագիտական կապեր չի նշանակում բոլոր հարցերի շուրջ համաձայն լինել։
Կողմերը մշտապես մտքում պետք է ունենան, թե ինչը կարող է դիմացի հասարակության համար հրահրող թեմա լինել։ Թուրքական կողմին կարող է հրահրել այն, որ Հայաստանը հակաթուրքական շարժումների միանա կամ Ցեղասպանության ընդունման եւ տարածքային պահանջներ ներկայացնի։ Հայկական կողմին կարող է գրգռել, օրինակ, ղարաբաղյան հարցերի շուրջ որոշակի հռետորաբանություն ունենալը։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ նման ձայներ լինելու են, դրանք շարունակելու են հնչել ու տհաճություն պատճառել երկու կողմերին էլ, բայց դրանք չպետք է խանգարեն դիվանագիտական ջանքերին, որ հիմնված են ընդհանուր շահերի վրա։
Կովկասյան թողարկման (Caucasus Edition) «Նոր պատերազմ և խաղաղություն» վեբինարների շարքի նպատակն է ծառայել որպես հարթակ ղարաբաղյան հակամարտության եւ բանակցային գործընթացի անցյալի, ներկայի, ապագայի քննարկման համար` ներգրավելով հետազոտողների, մասնագետների, քաղաքական մեկնաբանների Հայաստանից եւ Արդբեջանից, ինչպես նաեւ միջազգային մասնագետների։ Վեբինարներն անդրադառնում են տեղական եւ աշխարհաքաղաքական կարեւորության բազմաթիվ հարցերի, ինչպես նաեւ անցումային արդարադատության ու պատերազմի ոճրագործություններին անդրադարձող այլ մեխանիզմների։ Շարքը նպատակ ունի քննարկելու այն ճանապարհները, որ կարող են տանել խաղաղության ավելի արդյունավետ գործընթացի, ինչն էլ տարածաշրջանի հասարակություններին կօգնի շարժվելու դեպի կայուն խաղաղություն եւ սոցիալական արդարություն։
շարունակելի