Նյու Յորքի բորսայի տվյալներով՝ ամերիկյան առաջատար ՏՏ ընկերությունների բաժնետոմսերն արժեզրկվել են Facebook, Instagram, WhatsApp հավելվածների համաշխարհային խափանումների պատճառով: Վթարից մեկ ժամ անց Facebook-ի բաժնետոմսերը էժանացել են 5.8%-ով, Twitter-ինը՝ 6.7%-ով, չնայած այն հանգամանքին, որ ցանցը նորմալ է աշխատել, Alphabet-ինը (ընկերությունը, որին պատկանում է Google-ը)՝ 3%-ով, Amazon-ինը՝ 2.8%-ով։
Forbes-ը հայտնել է, որ Facebook-ի խափանման հետեւանքով ընկերությունների հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մոտ 7 միլիարդ դոլար է կորցրել: Նրա ունեցվածքը նվազել է՝ հասնելով 121,6 միլիարդի, եւ Facebook-ի հիմնադիրն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում երրորդից իջել է հինգերորդ հորիզոնական, որը նախկինում զբաղեցնում էր Բիլ Գեյթսը։
New York Times պարբերականը գրել է, որ Facebook-ի աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել ընկերության շենք, որպեսզի փորձեն հասկանալ՝ ինչու է խափանվել սոցիալական ցանցի աշխատանքը։ Շենք մտնելուն խանգարել է այն, որ արգելափակված դռները «չեն ճանաչել» աշխատակիցների էլեկտրոնային անցաթղթերը։
Որոշ փորձագետներ նշում էին, որ խափանման պատճառը, ամենայն հավանականությամբ, DNS (Domain Name Sytem) դոմեյն համակարգի անսարքությունն է: Մի մասն էլ հակվել է կայքերի կոտրված լինելու վարկածին։
Օգտատերերի տվյալները չեն գաղտնազերծվել
Facebook-ի աշխատանքի խափանումները, ըստ ընկերության ինժեներների, առաջացել էին Facebook-ի՝ տվյալների մշակման կենտրոնների միջեւ ցանցային թրաֆիկի համաձայնեցվածության համար պատասխանատու փոխդասավորությունների սխալ փոփոխություններից, որոնք էլ դարձել են կապի ընդհատման պատճառ: Ընդ որում, ընկերությունը հավաստիացրել է, որ Facebook-ի, ինչպես նաեւ Instagram-ի եւ WhatsApp-ի աշխատանքների խափանումը չի հանգեցրել օգտատերերի տվյալների գաղտնազերծման: Մինչդեռ երեկ լրատվամիջոցները հակառակն էին պնդում:
Ի դեպ, երեկ Ֆեյսբուքը Թվիթերի իր էջում ներողություն է խնդրել ամբողջ աշխարհից՝ պատճառած անհարմարության համար։
Բրաուզերը չի ճանաչել Facebook-ը
Ըստ KrebsonSecurity-ի հանրամատչելի մեկնաբանության՝ ինչ-որ պահի Facebook-ը «վերցրել» է քարտեզը, որն աշխարհի համակարգիչներին հուշում էր տարբեր առցանց օբյեկտներ գտնելու ճանապարհը։ Facebook.com որոնելիս բրաուզերը՝ դիտարկիչը պատկերացում չի ունեցել, թե որտեղ պետք է «փնտրի» Facebook-ը։
Facebook-ը հայտնել է, որ այժմ սերվերները կրկին միացվել են ցանցին, եւ ակտիվորեն աշխատանք է տարվում գործունեությունը լիովին վերականգնելու ուղղությամբ։
Ըստ Downdetector-ի՝ սա Facebook-ի՝ պատմության մեջ ամենամեծ խափանումն էր: Հիշեցնենք, որ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը եւ ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ երկուշաբթի շուրջ յոթ ժամով անհասանելի են եղել օգտատերերի համար: Խոշոր ինտերնետ-ծառայություններում խափանումները վերահսկող Downdetector ծառայությունը հայտարարել է, որ ավելի քան 10,5 միլիոն գանգատ է ստացել սոցցանցերի անհասանելիության վերաբերյալ։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը