Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը, երեկվանից աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ զանգեր է ստանում: Արտեմի միակ ու սիրելի քրոջը նույնպես շնորհավորում են եղբոր մրցանակի առթիվ:
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Հուրին անկեղծանում է. «Իմ եղբայրը շատ-շատ մրցանակներ է ստացել, դեռ անցյալ շաբաթ Իսպանիայում հեղինակավոր մրցանակ ստացավ: Բայց ես իրեն միշտ ասում էի՝ Արտե՛մ, այս բոլոր մրցանակները՝ մի կողմ, ես սպասում եմ Նոբելյան մրցանակի, դու մի օր Նոբելյան ես ստանալու: Ծիծաղում էր, ասում էր՝ ո՛չ, քույրս, որտեղի՞ց Նոբելյան մրցանակ, այդպիսի բան չի կարող լինել»:
Նոբելյան մրցանակի առաջադրվելու մասին տեղյակ չեն եղել ո՛չ Արտեմը, ո՛չ ընտանիքը: Երեկ կեսգիշերն անց՝ ժամը երկուսին, Նոբելյան կոմիտեից զանգահարել են ԱՄՆ՝ Փաթափությանի ծնողների բնակարան, լուրը հաղորդել: Ծնողները թեեւ լավ տիրապետում են անգլերենին, բայց չեն հասկացել, թե գիշերվա կեսին ինչ են խոսում հեռախոսի մյուս ծայրում: Անջատել են, նորից են զանգել: Երբ Արտեմի անունը լսել են, տվել են նրա տան հեռախոսահամարը: Ծնողները բնակվում են Լոս Անջելեսում, Արտեմը՝ Սան Դիեգոյում: Լուրը կայծակնային արագությամբ տարածվել է՝ Արտեմ Փաթափությանը ստացել է բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի այս տարվա մրցանակը:
«Շատ մեծ հպարտություն է մեզ համար, ուրախություն, հուզմունք: Ծնողներս, մեր բոլոր հարազատները, բարեկամները, ընկերները բնականաբար նույնպես ուրախ են»,- մեզ հետ զրույցում ասում է Հուրի Փաթափությանը, որ եղբոր հետ դեռեւս շատ կարճ է հասցրել խոսել, սպասում է՝ եղբայրը մի փոքր ազատվի շնորհավորանքների հեղեղից: Փոխարենն անընդհատ կապի մեջ է ծնողների հետ, որոնք նույնպես անդադար հեռախոսազանգեր են ստանում:
Արտեմ Փաթափությանի հայրը սփյուռքահայ գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնն է։ Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում հայկական դպրոցի տնօրեն է եղել, ԱՄՆ փոխադրվելուց հետո հայկական դպրոցում ուսուցչուհի է աշխատել: Մտավորական ընտանիքում մեծացել են ուսմանը նվիրված երեք երեխաներ: Արտեմ Փաթափությանի եղբայրը՝ Արան, նույնպես գիտնական է, համակարգչային գիտությունների դոկտոր: Քույրը պատմում է, որ նա էլ բազմաթիվ հեղինակավոր գիտական մրցանակներ է ստացել: «100-ից ավելի գյուտերի հեղինակ է, նրա հետազոտությունները կիրառվում են նշանավոր համալսարաններում եւ փորձագիտական կենտրոններում: Նա դեռ Նոբելյան չի ստացել»,- ծիծաղում է, բայց քրոջ սիրտը վկայում է՝ գուցե մի օր Արան էլ առաջադրվի։
Հուրի Փաթափությանը անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետ է, Լիբանանում սիրված ուսուցչուհի է եղել, 25 տարի աշխատել է Եղիշե Մանուկյան ազգային վարժարանում, այժմ տարվա մի մասը Հայաստանում է անցկացնում: Չի բացառում, որ գուցե Արտեմն էլ մտածի Հայաստանի հետ ինչ-որ կերպ կապ պահելու մասին:
«Արտեմը Հայաստանում առաջին անգամ եղել է 12 տարեկանում, դեռեւս խորհրդային տարիներին պատանեկան ճամբարի է մասնակցել: 2016-ին Հայաստանի բժշկական համալսարանից հրավիրեցին, իր այս գյուտը, որի համար Նոբելյան մրցանակ ստացավ, դեռ այն ժամանակ ներկայացրեց Հայաստանում, մենք էլ էինք ներկա, շատ լավ ընդունեցին»:
Խոսելով եղբայրների՝ գիտության ճանապարհն ընտրելու մասին, Հուրին ասում է, որ գիտության հանդեպ նրանց սերը դեռեւս դպրոցում է դրսեւորվել, ընտանիքն էլ, բնականաբար, քաջալերել է:
«Մեր ընտանիքում գիտելիքը, ճշտապահությունը, ազնվությունը, կարգ ու կանոնն առաջնային են եղել: Ուսման, մնայուն արժեքների հանդեպ դաստիարակություն է եղել: Թե՛ Արան, թե՛ Արտեմն արդեն ունեին այդ հատկությունները. ճշտապահ, բծախնդիր, աշխատասեր էին, սպորտով էին զբաղվում: Անշուշտ, բնածին հատկություններն էլ իրենց դերն ունեին»,- ասում է երկու գիտնական եղբայրների քույրը:
Արա Փաթափությանը նույնպես Սան Դիեգոյում է բնակվում, տեղափոխվել է Բոստոնից: Փաթափության եղբայրները ԱՄՆ են գնացել Լիբանանից: Լիբանանում հայկական դպրոց են հաճախել՝ Հովակիմյան-Մանուկյան հայկական վարժարանը:
«Արան Լիբանանի ամերիկյան համալսարանն է ավարտել, Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին ուսումը շարունակելու նպատակով միակ ելքը ԱՄՆ գնալն էր, հետո Արտեմը գնաց, Լիբանանում ամերիկյան համալսարանում բժշկության գծով ուսումը թողեց եւ ԱՄՆ-ում շարունակեց:
Երկուսն էլ իրենց գիտական աստիճանները ստացել են ԱՄՆ-ում, տարբեր համալսարաններում: Նույն աշխատասիրությունը նաեւ այսօր ունեն»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Հուրի Փաթափությանը:
1982-ից Արտեմ Փաթափությանը ղեկավարում է SCRIPPS գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիա»-ն, դասախոս է նույն գիտական հաստատությունում, նաեւ տարբեր ակադեմիաների անդամ է:
Անցյալ տարի արժանացել էր մեկ այլ հեղինակավոր` նորվեգական միջազգային Kavli միցանակին: Իսկ առհասարակ, եղբայրների հաջողությունների մասին Հուրին պատմում է հանդարտ ու համեստորեն, բայց չի թաքցնում, որ հենց իր՝ քրոջ սիրտն էր վկայել Նոբելյան մրցանակի մասին:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։