ԱՄՆ-ը դարձյալ քննադատել է «Հյուսիսային հոսք-2» գազատարը, երբ Ռուսաստանը հայտարարել է գազատարը գազով լցնելու մեկնարկի մասին: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջվա պես դեմ է այս գազամուղին՝ այն որակելով իբրեւ Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական նախագիծ: Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է օրենքը կիրառել պարբերական ստուգումներին համապատասխան:
Ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ընկերությանը պատկանող՝ Շվեյցարիայում տեղակայված «Հյուսիսային հոսք-2» AG ընկերությունը հրաժարվել է հայտնելուց, թե գազամուղը հատկապես երբ կշահագործվի: Ընկերությունից հայտնել են միայն, որ լրացուցիչ հայտարարություն կտարածեն հետագա տեխնիկական քայլերի մասին:
«Գազպրոմ»-ը Ուկրաինան շրջանցող եւ Բալթիկ ծովի հատակով ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազատարով Գերմանիա կհասցնի եվրոպական երկրներին մատակարարվող ռուսական գազի շուրջ 25 տոկոսը։
1200-կիլոմետրանոց խողովակաշարի շահագործման վերաբերյալ մշտապես դեմ են արտահայտվել Ուկրաինան ու Եվրամիության մի շարք երկրներ: Ըստ նրանց՝ Մոսկվան գազատարն օգտագործելու է Եվրամիության եւ Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելու եւ ցանկալիին հասնելու համար։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ի դեկտեմբերին ստորագրել էր օրինագիծ, որը սահմանափակումներ էր մտցնում «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությանը մասնակցող ընկերությունների եւ անձանց նկատմամբ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, սակայն, գազատարը շահագործողի հանդեպ պատժամիջոցներ չի սահմանել՝ պարզաբանելով, որ չի ցանկանում գժտվել Գերմանիայի ու մյուս դաշնակիցների հետ: Բայդենի վարչակազմի այդ դիրքորոշումը քննադատվել է ԱՄՆ Կոնգրեսում։