«Զինվորի տան» մասին պատմող մեր նախորդ տեսանյութերից մեկում անդրադարձել էինք Ռազմիկ Մխիթարյանին, որը կամավոր մեկնել էր Արցախ հոկտեմբերի 13-ին:
Հինգ օր անց Ջաբրայիլում նրան չէր հաջողվել խուսափել արկերի ու հրթիռների անվերջանալի հարվածներից, վնասվածքներն այնքան շատ էին, որ վիրահատությունների հաշիվն էլ է կորցրել: «Զինվորի տանը» ձեռքի աշխատանքն էին վերականգնում, սպասում էր ականջի վիրահատությանը:
Ռազմիկին օրերս հանդիպեցինք Մամիկոնյան 17 հասցեում, ձեռքն արդեն լավ է շարժում, լսողության խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել, հուսով է՝ լսողության թվային այս սարքը կօգնի:
«Սթարքի» ապրանքանիշի լսողական սարքերը 44-օրյա պատերազմի մասնակիցներին անվճար տրամադրում են Լոս Անջելեսի «Հայաստան. լսողության աջակցություն» ծրագրի հիմնադիր Կավուկչյան ընտանիքն ու հայ համայնքի բարերարները: Նախաձեռնությունն «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամինն ու «Արաբկիր» բժշկական համալիրինն է։
Տղաները համալիր զննում են անցնում, հետո սարքը ծրագրավորում են ու տեղադրում, վերջում մտնում են խորհրդատվության սենյակ: Բարերար Արմեն Կավուկչյանն այս սենյակում նախապես արված աուդիոգրամաներն է վերլուծում, ապա սարքի մեջ ներմուծում կոնկրետ այն աուդիոգրաման, որն անհրաժեշտ է տղաներին:
«Մեր ականանետի կրակոցի ժամանակ, երբ հակառակորդը փախչում էր, եւ փորձում էինք ամեն ինչ արագ անել, ականանետի կոճակը, որն ամեն անգամ կրակելուց հետո պետք է հետ գնա, լրիվ հետ չէր գնացել, փորձեցի իմ նշանոցը դնել վրան, կրակ արձակեց»,- Վահեն այս դեպքից հետո է վնասել թմբկաթաղանթը։ Վիրահատել են, բայց լսողությունը մասնակի է վերականգնվել, չդադարող միալար խշշոց կա ականջում: «Սարքը միացնելուց հետո խշշոցը կմղվի հետին պլան, առաջվա պես չի խանգարի»,- Վահեին ասում է Արմեն Կավուկչյանը:
Տիկնոջ՝ Հայկուհի Կավուկչյանի հետ լսողության սարքերի մասնագետներ են, տարիներ առաջ վերապատրաստվել են ամերիկյան «Սթարքի» ընկերությունում, որը զբաղվում է լսողության սարքերի արտադրությամբ, նաեւ բարեգործական ծրագրեր է իրականացնում աշխարհի 107 երկրներում՝ կարիքավորներին անվճար տրամադրելով լսողության սարքեր:
2015 թվականին Կավուկչյան ընտանիքը որոշում է ընկերության ղեկավարության ուշադրությունը հրավիրել նաեւ Հայաստանի վրա: Ծրագիրը փորձել են իրականացնել 15 տարի առաջ, իշխանության հետ կապը չի հաջողվել, հետաձգել են՝ սպասելով ավելի լավ ժամանակի: 2017 թվականին արդեն «Սթարքի» լսողության հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է առաջին առաքելությունը Երեւանում եւ մարզերում, ինչը շարունակվել է նաեւ 2018-ին եւ 2019-ին: Արցախը նույնպես ներգրավվել է ծրագրում եւ 2019-ին 1000 անձ լսողական սարք է ստացել Ստեփանակերտում։
«Անպատմելի երջանկություն է տեսնել՝ ինչպես են տղաները նորից լսում»,- ասում է բարերարը:
Լեւոնը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Մարտունու, Կարմիր Շուկայի թեժ կետերում է եղել, մոր՝ Լուսինեի պատմելով, շատ փորձանքներից է փրկվել: Լսողության խնդիրների մասին ամիսներ անց է պատմել, հետազոտությունից պարզվել է՝ երկրորդ կարգի դժվարալսություն է ձեռք բերել: Հրետանու ձայներից վնասել է նյարդը, որը, բժիշկների պնդմամբ, չի վերականգնվի:
Մայրն ասում է՝ անընդհատ ստիպված են լինում կրկնել ասածը, երբեմն լավ չի հասկանում զրուցակցին, նյարդային է դարձել: Լուսինեն հուսով է՝ ականջակալը որդուն կվերադարձնի լիարժեք կյանքի: Լսողական սարքերն ի վիճակի են փոխհատուցելու լսողության խոր կորուստն անգամ: Սարքերի համակարգչային հարմարեցումից հետո շահառուները կստանան նաեւ հետխնամքի անվճար ծառայություն` անսարքությունների շտկման եւ հնարավոր այլ խնդիրների լուծման համար: Սարքերն աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով:
«Ծրագիրը սկսվել է շահառուների տվյալների հավաքագրմամբ: Իրականացվել է պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, բժշկական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ համագործակցությամբ: Հավաքագրված 250 անձից հետազոտվել է մոտ 170-ը, որոնցից 130-ին այս փուլում կտրամադրվեն լսողական սարքեր»,– պատմում է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջազգային ծրագրերի համակարգող Լիանա Սահակյանը:
Ամերիկահայ բարերարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու պատերազմի ավելի մեծ թվով մասնակիցների: Շահառուների գրանցման գործընթացը շարունակվում է:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։