Ըստ իրանական «Մեհր» գործակալության՝ իրանական պատվիրակությունը ժամանել է Երեւան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին։
Պատվիրակությունը Երեւան է ժամանել «Տաթեւ» կոչվող տարանցիկ ճանապարհի կառուցմանը մասնակցելու համար։ Այն գլխավորում է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության գծով փոխնախարար, տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության եւ զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Հեյրոլլա Հադեմին։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԻԻՀ արտգործնախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին երկու երկրների հարաբերություններում մեծ ակտիվություն կնկատվի։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերին, արձանագրել տարածաշրջանային նոր մարտահրավերների ուղղությամբ համագործակցության հեռանկարները:
Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարեւորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների եւ հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում:
Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ հայ-իրանական օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր եւ բարեկամ Հայաստանի հետ: