Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսում հերթական անգամ անդրադարձել է Շուշին անպաշտպան թողնելու եւ 5 միլիարդ դոլար գործարքի մասին խոսակցություններին՝ ուղղակի տեքստով մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Քոչարյանն ասում է՝ հիմնավոր կասկածներ ունի, որ Շուշին հանձնել են: Նա պնդում է, որ ադրբեջանական զինուժը Շուշի է մտել առանց զինտեխնիկայի, Հադրութից մինչեւ Շուշի դիմադրություն չի կազմակերպվել, հակառակորդը տեղաշարժվել է պիկապներով, թեթեւ զենքերով:
Երկրորդ նախագահը հերթական անգամ հիշեցրեց յոթ շրջանների դիմաց Ադրբեջանի կողմից 2016-ին եւ 2018-ին Հայաստանի գործող եւ նախկին իշխանություններին առաջարկված 5 միլիարդ դոլարի պատմությունը: Քոչարյանը հիմնավոր կասկած ունի, որ խոսակցությունները 5 միլիարդի մասին դատարկ խոսակցություն չեն, նման առաջարկ եղել է, նման ձայնագրություն հնչել է: Նման առաջարկ եղել է նաեւ գործող իշխանությանը, եւ միայն իշխանափոխությունից հետո է պարզվելու, թե իրականում ինչ է կատարվել: «Ես ունեմ շատ մեծ կասկածներ, որ, այո’, Շուշին գիտակցաբար հանձնվել է»,- ասում է Քոչարյանը:
Արցախին, ավելի ճիշտ՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջանների դիմաց 5 միլիարդ դոլար ադրբեջանական առաջարկի մասին առաջին անգամ բաց տեքստով գրվել է 44-օրյա պատերազմից հետո:
Հայաստանի երրորդ նախագահի փեսան` Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Ֆեյսբուքում գրառում էր արել, ըստ որի` 2018-ի հոկտեմբերին Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ: Վերջինս փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց:
ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին դեկտեմբերի 15-ին լրագրողները հարցրել են՝ արդյոք նման առաջարկ եղել է, արդյոք նա տեղյակ է եղել նման առաջարկից:
«Ես հստակ չեմ էլ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել: Ես կորոշեմ` երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում կհրապարակայնացնեմ այն տվյալները, որ ինձ հայտնի են դարձել առհասարակ: Ես` որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, օպերատիվ կապը: Դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում` Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդում, ավելին ասել չեմ կարող»,- նշել է Վանեցյանը:
Վանեցյանը ոչ միայն չի հերքում, այլեւ իր պատասխանով Նիկոլ Փաշինյանի հասցեին կասկածամտության ու դավադիր գործարքի մեջ մտնելու տեղ է թողնում:
Միքայել Մինասյանի հրապարակումից եւ Արթուր Վանեցյանի պատասխանից հետո համացանցում տարածվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել Երեւանում 2016-ի հոկտեմբերի 14-ին: Լուկաշենկոն Ալիեւի անունից Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով, թե ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիեւին՝ թող իրենք հրաժարվեն 7 շրջանից:
Կասկած չկա, որ այս արտահոսքը արվել է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ եւ կրկին ուղղված է Նիկոլ Փաշինյանի դեմ: Ավելին՝ օրեր անց երրորդ նախագահը «Արմնյուզի» հետ հարցազրույցում ասաց հետեւյալը.
«Հայտնի է դարձել, որ Ալիեւը եւ կապիտուլյանտը գաղտնի բանակցություններ են ունեցել: Հայտնի է, թե ովքեր էին վարում այդ բանակցությունները, հայտնի է, որ հայկական կողմից, այսպես ասած, օպերատիվ կապն ապահովողը նամակ է հանձնել կապիտուլյանտին, եւ նա այդ նամակը չի պատռել, չի ասել՝ այստեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է՝ շատ լավ: Ես չեմ կարող ասել, պնդել, որ այնտեղ հենց առաջարկություն է արվել, չեմ էլ կարող ժխտել, բայց իրադարձությունների զարգացումը ամբողջական իրավունք է տալիս յուրաքանչյուրին ողջամիտ կասկած ունենալու: Սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք վերջնական եզրակացության հանգել, ապա մենք պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է: Կրկնում եմ, ողջամիտ կասկած ունենալու իրավունք բոլորն ունեն: Ես չեմ պնդում, որ այդպես է եղել, չեմ էլ կարող հերքել, ի՞նչը հիմք ընդունեմ հերքելու համար՝ պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձություննե՞րը, թե՞ պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները: Եթե Շուշին «դժգույն, դժբախտ» քաղաք է, եթե Շուշին «հայկական չէ», եւ եթե մարդն ունի այն ցինիկ համարձակությունը խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշները ի՞նչ իրավունքով պետք է բացառենք դավադրությունը»:
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը դաշինք կազմեցին:
Միայն արդար եւ համակողմանի քննությունը կարող է լույս սփռել ինչպես 5 միլիարդ դոլար գործարքի մասնակիցների ու մանրամասների, այնպես էլ Շուշին գիտակցաբար հանձնելու խոսակցությունների, կասկածների ու պնդումների շուրջ: Շուշիի մասին գործող իշխանությունների անզգույշ եւ փնթի հայտարարությունները, որ 1992-ի ազատագրումից հետո քաղաքը ավերակների մեջ էր, դժբախտ ու դժգույն բնակավայր էր, ավելի են խորացնում նրանց իսկ դեմ կասկածները:
Ոչ պակաս կարեւոր է այն իրողությունը, որ Ադրբեջանը դադարեցրեց պատերազմը Շուշին գրավելուց անմիջապես հետո, որ մինչեւ նոյեմբերի 9-ը եղել են հնարավորություններ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու հայկական կողմի համար աղետալի այս պատերազմը: Դա հաստատել է ինչպես Փաշինյանը՝ անուղղակի, այնպես էլ հիմնական միջնորդ պետության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը ուղղակի կերպով՝ զարմանք հայտնելով, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետը հրաժարվեց Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանով զինադադար հաստատելուց:
Սակայն Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե Հադրութից մինչեւ Շուշի ադրբեջանական բանակը անցել է՝ չհանդիպելով դիմադրության, որ իբր խրամատներ չեն փորվել, ուղղակի չի համապատասխանում իրականությանը, եթե չասենք՝ վիրավորանք է զոհվածների ու վիրավորների հասցեին:
Հադրութից մինչեւ Քարին Տակ եւ Շուշի ընկած հատվածներում՝ նույն Շուշիում, Քարին Տակում, Սղնախում, Ավետարանոցում, եւ այդ գծի վրա ընկած մյուս բնակավայրերում ընթացել են արյունալի մարտեր, հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել: Ադրբեջանցիները Հադրութից Շուշի հատվածը անցել են ուղիղ մեկ ամսվա ընթացքում, եւ այդ ժամանակահատվածում եղել են բազմաթիվ արյունալի մարտեր:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։