Մինչեւ բուն թեմային անցնելն ուզում եմ ի սրտե շնորհավորել մեր հայրենակից Արտեմ Փաթափությանին Նոբելյան մրցանակ ստանալու առիթով եւ խնդրել հաղթանակների կարոտ (հատկապես 44-օրյա պատերազմից եւ Հայաստան-Գերմանիա խաղից հետո) մեր հասարակությանը դրսեւորել զուսպ խանդավառություն։
Տարիներ առաջ հայրենադարձության արխիվներն ուսումնասիրելիս ցնցող մի փաստաթուղթ հանդիպեց, որից երեւում էր, որ Շառլ Ազնավուրի ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Հայաստան ներգաղթելու ամփոփաթերթ էր լրացրել։
Շառլն այդ ժամանակ 23 տարեկան էր եւ դեռ հայտնի չէր որպես հայերի ու ֆրանսիացիների համատեղ «լեգենդ»։
Այնպես էր ստացվել, որ 1947-ին երկու քարավանի (շուրջ 5000 մարդ)՝ Խորհրդային Հայաստան հայրենադարձվելուց հետո սովետա-ֆրանսիական հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ էին առաջացել, եւ ներգաղթը դադարեցվել էր։ Այսպես Ազնավուրների ընտանիքը մնաց Ֆրանսիայում։
Հիմա պատկերացրեք՝ չէր դադարեցվում, եւ ընտանիքը հայտնվում էր Խորհրդային Հայաստանում։ Ի՞նչ էր լինելու Շառլի ճակատագիրը.
-աշխատանք որեւէ գործարանում, մասնակցություն նույն հաստատության մշակույթի տան ինքնագործ անսամբլին՝ միջին տանելիության տարբերակ,
-աքսոր Ալթայի երկրամաս (1949, հունիսի 14), փայտահատի հարկադիր աշխատանք, Ստալինի մահից հետո մասնակցություն Բառնաուլի (Ալթայի կենտրոնն է) մշակույթի տներից մեկի ինքնագործ անսամբլին՝ անտանելի տարբերակ,
-ուսումնառություն կոնսերվատորիայում, աշխատանք Հայֆիլհարմոնիայում, համերգներ ԽՍՀՄ տարածքում, սոց ճամբարի մեկ-երկու երկրում, երգացանկի սահմանափակումներ, ցենզուրա (գրաքննություն), ԽՍՀՄ-ից դուրս գալու հարաճուն իղձ՝ քիչ թե շատ տանելի տարբերակ,
-երգչի աշխատանք որեւէ ռեստորանում, լավ վարձատրություն եւ Ֆրանսիա վերադառնալու համար անվերջ դեգերումներ ՕՎԻՐ-ում (երկրից դուրս գալու արտոնություն տվող պետական մարմին)՝ ողբերգական տարբերակ։
Ի տարբերություն Ազնավուրի՝ Ժան Տատլյան անունով մի երեխա (անունն էլ երեւի չեք լսել) 1947-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքից ներգաղթել էր Հայաստան, հետո գնացել Կիեւ՝ սովորելու էստրադային-կրկեսային ուսումնարանում, հետո տեղափոխվել Սուխում՝ աշխատելու տեղի ֆիլհարմոնիայում։ 1961-ին Ժանը Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար էր։ Ավելի ուշ Լենհամերգում (Ленконцерт) ստեղծեց ի՛ր նվագախումբը։ Նրա ձայնասկավառակները թողարկվում էին 50 միլիոն ընդհանուր տիրաժով։
1971-ին երգիչը ֆրանսուհու հետ կեղծ ամուսնություն է ձեւակերպում եւ արտագաղթում Ֆրանսիա, որտեղ աշխատում է Փարիզի «Ռասպուտին» կաբարեում, «Մոսկովյան աստղ» ռեստորանում։ Ավելի ուշ Փարիզի կենտրոնում՝ Հաղթական կամարի հարեւանությամբ, սեփական՝ «Երկու կիթառ» ռեստորանն է բացում։ Ծանոթություն է հաստատում հայտնի անձանց, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Միշել Մերսյեի, Լայզա Մինելլիի հետ։
Ազնավուրի պատկերացնելի եւ Տատլյանի իրական ճակատագրերը գրեթե նույնն են՝ բացառությամբ աքսորի, որից, բարեբախտաբար, խուսափել են Խորհրդային Հայաստան ներգաղթած Տատլյանները։
Հիմա ասածս ի՞նչ է։ Շառլ Ազնավուրը «լեգենդ» դարձավ Ֆրանսիայի երաժշտարվեստի միջավայրում, այդ երկրի ընձեռած ստեղծագործական ազատությունների շնորհիվ, իսկ Տատլյանը, թեեւ նույնպես տաղանդավոր, հմայիչ երգիչ էր եւ 50 միլիոնով տիրաժավորվող ձայնապնակների հեղինակ (բացառապես ԽՍՀՄ-ում սպառվող), մեծ հաշվով անհայտ մնաց թե՛ աշխարհին, թե՛ մեզ։
Երկուսի մեջ էլ հայի նույն գենն էր, այն նույնից, որն ունի մեր հայրենակից Արտեմ Փաթափությանը։ Նրա Նոբելյան մրցանակը գուցե զարդ է՝ շնորհված հայու գենին, իրական հասցեատերը, սակայն, ամերիկյան կրթագիտական համակարգն է։
Խանդավառվելն, ինչ խոսք, վատ չէ, բայց մինչեւ ե՞րբ պիտի մնանք հայու գենի հույսին։ Ավելի լավ չէ՞ մտածել աշխարհում մեր երկրի՛ նշանակության ու դերի մասին։
Հոդվածում օգտագործված գծանկարների հեղինակը ֆրանսահայ ծաղրանկարիչ Ռընե Հովիվն է, որն, ի դեպ, 1947-ին Հայաստան ներգաղթելով, ճաշակել է սովետական կյանքի «քաղցրությունն» ու սիբիրյան աքսորի «սառնությունը» եւ ի վերջո 1964-ին վերադարձել Ֆրանսիա։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։