ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իրանական «ԻՐՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ են, եւ դրա վառ օրինակն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը:
«Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության եւ փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլեւ կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի: Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները»,- շեշտել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջեւ երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար:
Պատասխանելով «3+3» նախաձեռնությանը Հայաստանի մոտեցման հարցին՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձեւաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է մի քանի պայմանների։
Մասնավորապես, ըստ Արարատ Միրզոյանի, ցանկացած ձեւաչափ պետք է հիմնվի դրանում ներգրավված պետությունների միջեւ փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա:
Հակառակ պարագայում, ինչպես նշել է Միրզոյանը, դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձեւաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձեւաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:
Անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին` Միրզոյանը հավելել է, որ ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: ԱԳ նախարարն ընդգծել է նաեւ, որ թեեւ նոյեմբերի 9/10-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունով դադարեցվեցին ռազմական գործողությունները, սակայն իրավիճակը դեռեւս փխրուն է: