Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ամերիկյան «Moderna» ընկերության 50 հազար դեղաչափ «Spikevax» («Սպայկվաքս») պատվաստանյութը, որը Լիտվայի կառավարությունը նվիրաբերել է Հայաստանին, երկրում կիրառվող մյուս պատվաստանյութերի պես նախատեսված է 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում պատվաստումներ իրականացնելու համար:
«Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում եւ շարժական պատվաստումային կետերում»,- ընդգծել են ՀՀ ԱՆ-ից։
Համավարակի դեմ պայքարում պատվաստանյութերի ձեռքբերման աջակցության համար առողջապահության նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի Հանրապետության կառավարությանը, Լիտվայի առողջապահության նախարարությանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Լիտվայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին: ՀՀ ԱՆ-ն շնորհակալություն է հայտնել նաեւ «Flagship Pioneering» եւ «Moderna Therapeutics» ընկերությունների հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին` ներդրած ջանքերի համար:
Պատվաստումների տարիքային առաջատար խումբը
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կորոնավիրուսային պատվաստումների վերաբերյալ տվյալների՝ ՀՀ-ում պատվաստվածների մեծ մասը 31-65 տարեկան անձինք են։ Այս տարիքային խմբում առաջին դեղաչափը ստացել է պատվաստվածների 68.1 տոկոսը, երկրորդ դեղաչափը` 68.9 տոկոսը։
Հայաստանում երեկվա դրությամբ կատարվել է 517047 պատվաստում։ Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 352600 մարդ, երկրորդ դեղաչափը`164447 մարդ։