Վերջին շաբաթներին Թուրքիայի ու Հայաստանի առաջնորդները բաց խոսեցին երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու հետաքրքրվածության մասին։ Ազդակները նախնական էին, ոչ հստակ եւ չէին խոստանում քաղաքական գործընթացի շարունակականություն կամ բեկում։ Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը բարձրացվել է պարբերաբար։ Հիշատակման արժանի են 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, որոնք, սակայն, հետագայում հաջողության չհասան։ Արդյո՞ք ներկա փորձը կարող է հաջողել։ Որո՞նք են ռիսկերն ու օգուտները, որ կողմերը կարող են ակնկալել։ Ի՞նչ դեր ունեն այս ամենում Ռուսաստանն ու Ադրբեջանը, համաշխարհային ու տարածաշրջանային այլ դերակատարները։
Այս հարցերի շուրջ Կովկասյան թողարկման (Caucasus Edition) «Նոր պատերազմ եւ խաղաղություն» շարքի յոթերորդ վեբինարում զրուցում են Կովկասյան թողարկման (Caucasus Edition) խմբագիր, Սան Դիեգոյի համալսարանի, Կրոք դպրոցի Peace Studies-ի դասախոս Ֆիլիպ Գամաղելյանը եւ Միջազգային ճգնաժամային խմբի (Crisis Group) Թուրքիայի ծրագրերի ղեկավար Նիգար Գոկսելը։
Առանց Ցեղասպանության ընդունման հարաբերությունների կարգավորման իրատեսականությունը
Ֆիլիպ Գամաղելյան — Լսարանից հարց ունենք այն մասին, թե արդյոք Հայաստանը առհասարակ պետք է մտածի կարգավորման մասին, եթե Թուրքիան չի ընդունում Ցեղասպանութան իրողությունը եւ շարունակում է մնալ վտանգ Հայաստանի համար։
Ես պետք է համաձայնեմ, որ Թուրքիան թշնամական է վերաբերվել Հայաստանին եւ իրական, ոչ թե մտացածին վտանգ է ներկայացնում։ Հարցը հետեւյալն է․ ունենալ փակ սահմաններ եւ ուղիղ կապի բացակայությո՞ւն, թե՞ դիվանագիտական հարաբերություններ եւ ուղիղ հաղորդակցություն։ Ինձ համար, միգուցե քանի-որ հարցին մոտենում եմ կոնֆլիկտների կարգավորման տեսնակյունից, պատասխանը ակնհայտորեն երկրորդն ընտրելն է։ Թշնամությունը չպետք է բացառի դիվանագիտական կապերի հաստատումը։ Պատմության ընթացքում ազգերը պատերազմել են, բայց ուղիղ կապի շնորհիվ նաեւ լուծել են առօրեական խնդիրներ եւ օգնել իրենց բնակչություններին։
Ավելին՝ ուղիղ կապը թույլ է տալիս ի վերջո բանակցությունների միջոցով հասնել որոշակի համաձայնությունների։ Իննսունականներին՝ պատերազմի ընթացքում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղել է ուղիղ կապ։ Ես ուղիղ կապի հաստատումը մեծ օգուտ եմ համարում, քանի որ դրա բացակայության դեպքում հանգամանքներից օգտվում են այլ դերակատարներ։
Մեծ հաշվով, ուղիղ կապ եւ տնտեսական հարաբերություններ ունենալը ռազմական բախումներն ավելի քիչ հավանական են դարձնում։ Մեկ դաշնության մեջ լինելը զսպեց, որ Թուրքիա-Հունաստան կոնֆլիկտը ռազմական բախման չվերածվի։
Նիգար Գոկսել — Իրար չճանաչելը բազմաթիվ վախերի շարժիչ ուժն է։ Հարաբերությունների առկայությունը տարբերվող ընկալումների հարթեցման միակ ճանապարհն է։ Կարծում եմ Թուրքիայի հայտարարությունները հետեւյալ երեք կետն էլ ներառում են, որ Հայաստա՛ն, մի՛ անհանգստացիր, մենք հարգում ենք քո տարածքային ամբողջականությունը, Ադրբեջան, մի՛ անհանգստացիր, մենք հարգում ենք քո տարածքային ամբողջականությունը, եւ մենք ակնկալում ենք նույնը մեր նկատմամբ։ Ու կարծում եմ երեքն էլ հավասարապես կարեւոր են։
Ֆիլիպ Գամաղելյան — Մեկ այլ հարց էլ ունենք լսարանից, որը վերաբերում է Հայաստանում ներքաղաքական բեւեռացմանը։ Նման մասշտաբի բեւեռացումը, որն այժմ առկա է Հայաստանում, կարգավորման գործընթացը չի հեշտացնելու։ Թուրքիայի հետ ոչ մի դեպքում կարգավորման չգնալու ճնշումը շարունակելու է առկա լինել։ Ես հնարավորություն եմ տեսնում այն բանով պայմանավորված, որ Փաշինյանը հաղթել է ընտրություններում՝ կարգավորման համար քարոզարշավ անելով։ Հետեւաբար նա ունի այս գործընթացը իրականացնելու կարճաժամկետ հանրային աջակցություն եւ լեգիտիմություն։ Բայց սա չի նշանակում, որ դա ամեն գնով իրականացնելու թույլտվություն ունի։
Կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա այնպիսի պայմաններով, որոնք շահավետ են կամ գոնե ընդունելի են հայ ժողովրդի համար։ Կարեւոր է հասկանալ, թե որոնք են, ի վերջո, նախապայմանները, որպեսզի հասկանանք՝ այս քայլը իրատեսակա՞ն է Հայաստանի համար։ Եթե որոշ կարմիր գծեր հատվեն, այս գործընթացը կարող է վտանգավոր դառնալ ներկա կառավարության համար ու կարող է նաեւ ավելի շատ անվտանգային խնդիրներ ստեղծել, քան լուծել դրանք։
Ռուսաստանի վերաբերյալ
Ֆիլիպ Գամաղելյան — Նոր հարց ունենք այս գործընթացում Ռուսաստանի դերի մասին։ ԱԳ նախարար Լավրովը վերջերս հանրայնորեն ողջունեց կարգավորման գործընթացը եւ ընդգծեց Ռուսաստանի կարեւոր դերը 2009-ի փորձում։ Մինչեւ այժմ ակնհայտ է, որ Ռուսաստանը հանրայնորեն կողմ է այս գործընթացին։
Նիգար Գոկսել — Անկարայում հստակ ընդունում են, որ ոչինչ տեղի չի ունենա Ռուսաստանի կամքին հակառակ։ Եթե Ռուսաստանը կարիք ունի ավելի մեծ դեր խաղալու այս գործընթացում, այդպես էլ կլինի։
Ֆիլիպ Գամաղելյան — Եզրափակելով՝ երկու կողմերի միջեւ ուղիղ կապի հաստատումը կարեւոր է, եթե ուզում ենք այս գործընթացը առաջ տանել։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել տարածաշրջանային դինամիկան։ Ցավոք, այս գործընթացի տապալման հավանականությունն ավելի մեծ է, քան հաջողության հասնելունը։
Նիգար, քեզ հրավիրում եմ մի քանի ամսից նորից միանալ մեզ՝ շարունակելու այս խոսակցությունը, գուցե այդ անգամ արդեն Ռուսաստանից ու Ադրբեջանից մեր գործընկերների հետ։
Կովկասյան թողարկման (Caucasus Edition) «Նոր պատերազմ և խաղաղություն» վեբինարների շարքի նպատակն է ծառայել որպես հարթակ ղարաբաղյան հակամարտության եւ բանակցային գործընթացի անցյալի, ներկայի, ապագայի քննարկման համար` ներգրավելով հետազոտողների, մասնագետների, քաղաքական մեկնաբանների Հայաստանից եւ Արդբեջանից, ինչպես նաեւ միջազգային մասնագետների։ Վեբինարներն անդրադառնում են տեղական եւ աշխարհաքաղաքական կարեւորության բազմաթիվ հարցերի, ինչպես նաեւ անցումային արդարադատության ու պատերազմի ոճրագործություններին անդրադարձող այլ մեխանիզմների։ Շարքը նպատակ ունի քննարկելու այն ճանապարհները, որ կարող են տանել խաղաղության ավելի արդյունավետ գործընթացի, ինչն էլ տարածաշրջանի հասարակություններին կօգնի շարժվելու դեպի կայուն խաղաղություն եւ սոցիալական արդարություն։