ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին։ Հանդիպմանը Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
Նախարարն ընդգծել է ԵԱՀԿ֊ի դերը՝ որպես համապարփակ եւ համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։
Արարատ Միրզոյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի եւ նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում տեւական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով:
Արարատ Միրզոյանն ավելի վաղ հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ: Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր։