ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ 2021-ի ընթացքում, ինչպես նաեւ նախորդ տարիներին, ՄԻՊ-ին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական եւ ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման եւ տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։
Ըստ ՄԻՊ-ի գրասենյակի՝ որեւէ կերպ հաշվի չեն առնվում առաջնային փորձաքննությունից տարբերվող եւ զորակոչիկների սեփական միջոցներով իրականացված հետազոտությունների արդյունքները կամ զորակոչիկները լրացուցիչ հետազոտության են ուղեգրվում այն բժշկական հաստատություն, որի հետ կապված բողոք են ներկայացրել: Նման դեպքերում նույն բժշկական հաստատությունը կարող է կաշկանդված լինել նախկինում իր կողմից տրված ախտորոշմամբ, իսկ զորակոչիկը՝ կասկածներ ունենալ հետազոտության օբյեկտիվության հետ կապված:
Ժամկետ սահմանված է միայն պայմանագրային զինծառայողների համար
Առանձին խնդիր է նաեւ զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ գանգատների դեպքում նրանց Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը չներկայացնելը: Բացի դրանից՝ օրենսդրական թերի կարգավորման պատճառով խնդիրներ են առաջանում նաեւ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված:
«Հարցն այն է, որ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված հիմքերի ծագման պահից զինծառայողի զորացրման հստակ ժամկետ նախատեսված չէ: Օրենքով այդպիսի ժամկետ սահմանված է միայն պայմանագրային զինծառայողների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ Պաշտպանի` գործող կարգավորումները զինապարտ քաղաքացու համար չեն նախատեսում իր հրավիրած մասնագետին որպես խորհրդատու փորձաքննությանը ներգրավելու հնարավորություն: Դա կբարձրացնի հանձնաժողովի որոշման օբյեկտիվության նկատմամբ զորակոչիկի վստահությունը:
Բոլոր զորակոչերի ընթացքում որպես խնդիր է արձանագրվել այն, որ օրենսդրությամբ սահմանված չէ մեկ օրվա ընթացքում փորձաքննվողների առավելագույն քանակ:
Զրկվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա փորձաքննվելու հնարավորությունից
Շարունակում է պահպանվել առանց տարկետում տալու զորակոչիկի պիտանիության որոշումը հաջորդ զորակոչին թողնելու խնդիրը: Հարցն այն է, որ հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում անձի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվում, եւ նրա փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ, ինչը նախատեսված է Կառավարության համապատասխան որոշմամբ: Մինչդեռ օրենքը նման հնարավորություն չի նախատեսում:
Օրենսդրական թերի կարգավորման պատճառով անձը, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ժամանելու Հայաստան (ծանր հիվանդության կապակցությամբ բուժում է ստանում արտերկրում, առկա է այլ երկիր տեղափոխվելու բժշկական հակացուցում), զրկվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա փորձաքննվելու հնարավորությունից, քանի որ այդպիսի կարգավորում նախատեսված է միայն զորակոչիկների համար:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներ:
Մասնավորապես, անհրաժեշտ է՝
ա) զորակոչիկներին ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների, երբ զորակոչիկների սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով իրականացված հետազոտությունների ախտորոշումներում առկա են ուղեգրով կատարված հետազոտությունների արդյունքներից էապես տարբերվող եւ պիտանիության աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ,
բ) բացառել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության (զինկոմիսարիատի) ուղեգրով անցած հետազոտությունները բողոքարկող զորակոչիկին նույն բժշկական հաստատություն ուղեգրելու պրակտիկան,
գ) զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությանը համաձայն չլինելու բոլոր դեպքերում զորակոչիկներին ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ ապահովելով գործող իրավակարգավորումների պահանջը,
դ) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ հիմքերի ծագման դեպքում զինվորական ծառայությունից արձակման հստակ ժամկետ նախատեսելով նաեւ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար,
ե) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական եւ ռազմաբժշկական հանձնաժողովների նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի,
զ) սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակը,
է) վերանայել կառավարության 2018-ի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը եւ ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են բուժման կարիք ունեցող, եւ նրանց տրվում է տարկետում մինչեւ հաջորդ զորակոչ,
ը) կառավարության 2018-ի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողով կամ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա փորձաքննություն կատարելու հնարավորություն նախատեսելով նաեւ պահեստազորում հաշվառված, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բուժում ստացող եւ բժիշկների անմիջական հսկողության տակ գտնվող կամ տեղափոխումը հակացուցված անձանց համար եւ այլն։
Մարդու իրավունքների պաշտպանի այս եւ մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ եւ խմբակցություններ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարություն: