Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հայտնել է, որ հանրապետությունում վերջին օրերին «Սինոֆարմ» պատվաստանյութի որոշակի անբավարարություն կա: Կենտրոնը սակայն հավաստիացրել է, որ առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ:
ՀՎԿԱԿ-ը շեշտել է, թե երկու դեղաչափի միջեւ սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, եւ ավելի ուշ ժամկետում երկրորդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:
ՀՎԿԱԿ-ն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից արտադրական գործընթացներով: Այս համատեքստում բացառություն չէ նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից՝ Հայաստան ժամանող չվերթների սակավություն եւս կա՝ պայմանավորված ՔՈՎԻԴ-19 համավարակով:
ՀՎԿԱԿ-ը հայտնել է, որ «Մոդեռնա»-ով պատվաստումը կիրականացվի առաջիկա օրերերին. հոկտեմբերի 7-ից ոչ շուտ։ Այս պահին իրականացվում է բաշխման գործընթաց։ Բոլոր բուժհաստատություններին բաշխումը կկատարվի համամասնորեն՝ ըստ սպասարկող բնակչության թվի։ Պայմանները նույնությամբ կգործեն, ինչպես մյուս բոլոր պատվաստանյութերի դեպքում։
Բնակիչները, անկախ կցագրումից, կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա կամ շարժական պատվաստումային կետ եւ պատվաստվել։ 18-ից բարձր անձանց շրջանում կկատարվի նույն սկզբունքներով, ինչ բոլոր պատվաստանյութերի դեպքում։
ՀՀ-ում պատվաստման գործընթացը մեկնարկել է 2021 թվականի ապրիլից։ Մինչ օրս առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է բնակչության 11,5 տոկոսը։