Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատել է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջեւան երթուղով թռիչք:
Քաղավիացիան նշել է, որ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաեւ նախկինում` մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքից օգտվելուց։
Այս ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով դեպի այլ երկրներ եւ հակառակ ուղղությամբ չվերթեր են իրականացվել եւ շարունակում են իրականացվել։
«Հավելենք նաեւ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որեւէ թույլտվություն չի պահանջվում: Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»,- ընդգծել է Քաղավիացիայի կոմիտեն: