Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է «3+3» համագործակցության ձեւաչափը:
«Մենք այսօր քննարկել ենք «3+3» ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը։ Իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն, նույն վերաբերմունքը մենք տեսնում ենք Ադրբեջանում եւ Թուրքիայում, աշխատում ենք հայ գործընկերների հետ»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Լավրովը նշել է, որ նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ: Նա ընդգծել է, թե ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանն էլ, չնայած իր բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական հետաքրքրությունը նման մեխանիզմի ստեղծման հարցում:
Սադրիչ զորավարժությունների սպառնալիքը
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման եւ եռակողմ հայտարարության ստորագրման գործում: Նա ընդգծել է, որ հայտարարության մեջ կան կարգավորման առաջխաղացման հետագա քայլերը որոշող սկզբունքներ` ներառյալ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքը: Լավրովը նշել է, թե համոզված է, որ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, այլեւ Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան։
Համատեղ ճեպազրույցում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասում ռազմական ակտիվության ավելացմանը, ինչպես նաեւ սադրիչ բնույթի զորավարժություններին։
Կասպից ծովում օտարերկրյա ռազմական ներկայության վերաբերյալ ՌԴ արտգործնախարարը նշել է, թե Մոսկվան բազմիցս ընդգծել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի արագ ուժի մեջ մտնելու անհրաժեշտությունը: Փաստաթուղթն արգելում է տարածաշրջանում ոչ կասպիական պետությունների ցանկացած ռազմական ներկայություն։ Լավրովը շեշտել է, որ կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերացվելուց հետո: Այժմ այն քննարկվում է Իրանի խորհրդարանում։ Նա նշել է, թե հույս ունի, որ կոնվենցիան շուտով կվավերացվի եւ կդառնա լիարժեք միջազգային փաստաթուղթ։
Համաձայնեցված դիրքորոշումներ Կովկասում
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում ընդգծել է, թե Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանը համարժեք կարձագանքի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխություններին։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի արտգործնախարարն ասել է, թե հանդիպման ժամանակ կհամաձայնեցնեն դիրքորոշումները Կովկասում ընթացող իրադարձությունների զարգացման վերաբերյալ:
Աբդոլլահիանը նշել է նաեւ, թե ակնկալում է, որ Լավրովն անտարբեր չի մնա տարածաշրջանում ահաբեկիչների եւ Իսրայելի ներկայության առնչությամբ, որը խաղաղության եւ անվտանգության սպառնալիք է։
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը երեկ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարարը նշել էր, որ հարեւան երկրների հետ հարաբերություններում Իրանը թույլ չի տա օտարերկրյա միջամտություն։