Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։ Զրույցի ընթացքում Վեհափառն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքներին, Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ շեշտելով ռազմագերիների եւ հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Ֆրանցիսկոս պապին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։
Ամենայն հայոց կաթողիկոսը Իտալիայում է՝ Հռոմում Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած «Մարդիկ որպես եղբայրներ եւ երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին եւ միջեկեղեցական աղոթքին մասնակցելու նպատակով: