Ըստ հունական Defence review պարբերականի՝ Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից 40 հատ F-16 block 70 կործանիչներ գնել, ինչպես նաեւ ամերիկյան կողմի օգնությամբ արդիականացնել ավելի վաղ ձեռք բերած 80 F-16-ի նախորդ տարբերակները։
Պարբերականը նշել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրի առաջին փուլով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը համապատասխան մտադրությամբ նամակ է հղել։ Այնուհետեւ ամերիկյան կողմը ԱՄՆ օրենքներին ապագա գործարքի համապատասխանության վերաբերյալ անհրաժեշտ ստուգումներ պետք է անցկացնի, հաշվարկի պահանջվող համակարգերի գինն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի հավանությունը ստանալուց հետո ծանուցի ԱՄՆ Կոնգրեսին:
Հատկանշական է, որ ավելի վաղ Անկարայում հայտնել էին Ռուսաստանի հետ 4++ սերնդի Սու-35 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին, ինչը երկրորդ խոշոր գործարքը կլիներ C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումից հետո: Ընդ որում՝ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով ամերիկացիները Թուրքիային հեռացրել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ու մատակարարման ծրագրից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիային հուշել ինչպես կառուցել սեփական պաշտպանական համակարգը եւ ումից ինչ զենք գնել։