Կենսաբազմազանությամբ, պատմամշակութային ժառանգությամբ հարուստ Արտավան գյուղը միայն վերջին մի քանի տարիներին է սկսել դրսից հյուրեր ընդունել:
Գյուղի մոտ 300 բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ եւ հողագործությամբ, բայց 2016-ից ի վեր գյուղը դարձել է էկոտուրիզմի կենտրոն՝ արտավանցիների համար ապահովելով նոր զբաղմունքներ ու եկամտի աղբյուրներ:
Արտավանի հարեւանությամբ համանուն անտառն է՝ Վայոց ձորի «թոքերից» մեկը, որտեղ ապրել են կովկասյան ընձառյուծի առանձնյակներ: Հենց այդ կենդանիներին անտառ վերադարձնելու եւ պահպանելու համար սկսված նախաձեռնությունն էլ նոր կյանք է տվել փոքրիկ գյուղին:
2016-ին Արտավանն ընտրվել է «Վայոց ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման վայր, որին աջակցել են «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղն ու մի շարք այլ կազմակերպություններ:
Էկոմիջանցքը, որն անցնում է նաեւ Արտավանով, սկիզբ է առնում Խոսրովի պետական արգելոցից, ձգվում մինչեւ Մեղրի:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի աշխատակից, արտավանցի Գառնիկ Գեւորգյանը տարիներ առաջ նորաստեղծ ընտանիքի հետ որոշել է արտերկիր մեկնել՝ մշտական բնակության, բայց կես ճանապարհին հետ է կանգնել: Հիմա ուրախ է այդ որոշմամբ: Ասում է՝ գյուղի երիտասարդ կորիզը կարողացել է պահանջներ դնել, ասել՝ մենք պետք է պահպանենք մեր բնությունը: Արդյունքում ե՛ւ բնությունն են պահպանում, ե՛ւ գյուղը:
Ներկայացնելով իր աշխատանքը՝ Գառնիկը մանրամասնում է՝ կովկասյան ընձառյուծը դարեր շարունակ ապրել է Հայաստանում, բայց գտնվել է ճգնաժամային վիճակում: Ցանկացել են ստեղծել այնպիսի պայմաններ, որ վերադառնա ու նորից ապրի Հայաստանում: «Երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, կարողանում են այդ կենդանու պահպանությունն իրականացնել»,- ասում է նա ու ընդգծում՝ կենդանին սահմաններ ու կոնֆլիկտներ չի ճանաչում:
Էկոտուրիզմի զարգացման նախագիծը գյուղացիների համար պայմաններ է ստեղծում, որ մարդ-բնություն կոնֆլիկտը վերանա: «Գյուղում գիշերային լուսավորություն է տեղադրվել: Քանի դեռ չկար, վայրի կենդանիները անարգել մտնում էին գյուղի տարածք, վնասում ընտանի կենդանիներին, մեղվափեթակները»,- պատմում է Գառնիկը:
Բոլոր արտավանցիներին վերջին երկու տարում տրամադրել են նաեւ արեւային ջրատաքացուցիչներ, հոսանքի հարցն էլ լուծվել է: Մինչ այդ գյուղացիները ստիպված էին ծառեր կտրել, եւ անտառածածկ տարածքները ժամանակի ընթացքում պակասում էին:
Այս ամենից բացի՝ վերը նշված կազմակերպությունները նպաստել են զբոսաշրջային մի քանի ենթակառուցվածքների զարգացմանը: Գյուղացիներին տրամադրել են դրամաշնորհներ, որոնցով արտավանցի երեք ընտանիքներ հյուրատներ են կառուցել ու մեկ վրանատեղի:
Արտավանով է անցնում Տրանսկովկասյան քայլարշավային արահետը, որը, երեք երկրների սահմաններ հատելով, իրար է կապում պահպանվող տարածքները: Այդ արահետով քայլելու են գալիս Հայաստանի այլ վայրերից ու բազմաթիվ այլ երկրներից, նաեւ կենդանադիտարկում անում:
Աշխարհի տարբեր ծայրերից Արտավան են այցելում նաեւ «աշխարհը» տեսնելու: Հայելի լիճն աշխարհի քարտեզի տեսքն ունի:
Արտավան այցելող հյուրերից շատերը գիշերում են Արտավանի «Տարոն» հյուրատանը: Սեփականատեր Անահիտ Սարգսյանը, ոը նաեւ Արտավանի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին է, մեծ ոգեւորությամբ է պատմում հյուրերի մասին: Ասում է՝ գոհ են հեռանում՝ վերադառնալու նպատակով:
«Հյուրերը շատ են հավանում Արտավանի էկոմթերքը. ո՛չ մի պարարտանյութ, ո՛չ մի քիմիական միջոց չենք օգտագործում: Սիրով համտեսում են բանջարով ճաշ, գաթա, հալվա, փոխինձ, ղավուրմա, երբեմն իրենց ձեռքով են փորձում պատրաստել»,-պատմում է Անահիտն ու վստահեցնում՝ իր որդին էլ մնալու է գյուղում, այնտեղ ընտանիք կազմի ու զարգացնի իրենց փոքրիկ բիզնեսը:
Արտավանի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանն ասում է՝ 2018 թվականին գյուղի խոշորացումից ու Զառիթափ համայնքում ընդգրկվելուց հետո համայնքը եւս որոշ ծրագրեր է իրականացրել գյուղում: Խոշորացումը դրական է ազդել: «Որպես փոքր գյուղ՝ Արտավանը շահել է: Բյուջե չի ունեցել, բայց խոշորացումից հետո կարողանում ենք տարբեր ծրագրեր իրականացնել: Ջրագծեր ենք փոխել, նախատեսում ենք խաղահրապարակ կառուցել»։
Այժմ հիմնական խնդիրներից մեկը, որի պատճառով մարդիկ շարունակում են լքել գյուղը, մանկապարտեզ, նախակրթարան չունենալն է: Վարչական ղեկավարն ասում է՝ երբ երեխաները 4-5 տարեկան են դառնում, որոշ ընտանիքներ մանկապարտեզ չլինելու պատճառով ստիպված են լինում տեղափոխվել: Մի մասը Երեւան է գնում, ոմանք՝ մոտակա քաղաքներ՝ Վայք, Եղեգնաձոր: Մանկապարտեզի խնդիրն էլ կլուծեն, այժմ տարբերակներ են մտածում:
Հույսը չեն կորցնում արտավանցիները: Գառնիկ Գեւորգյանն աշխարհում ու աշխարհի կողքին գտնվող Արտավանը դրախտավայր է անվանում: «Մինչեւ 2016-ը երբ Հայաստանում ասում էի՝ Արտավանից եմ, ոչ մեկը չգիտեր՝ դա որտեղ է, բայց հիմա շատ ճանաչված է դարձել»,- ասում է նա:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: