Իտալիայի խորհրդարանում՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախյան վերջին պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները, հիմնավոր ապացույցներ։
Ըստ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի՝ Արման Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները, եւ նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
Հաղորդագրությունում նշվում է, որ անդրադարձ է կատարվել պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջեւ ճանապարհներին, ինչը վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում եւ Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումներից հետո տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ եւ այլ հանցավոր արարքներ։
ՀՀ ՄԻՊ-ն իտալացի գործընկերներին տեղեկացրել է, որ իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության եւ ֆաշիզմի դրսեւորումներով թշնամանքի քաղաքականությունն է: