Ըստ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության՝ Իրանի հետ առեւտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը հայտնել է, որ Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։
Թուրքիան այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ Իրանն արգելել է թուրքական բեռնատարների մուտքն իր երկրի տարածք։
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Իրանի եւ Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով այսկերպ Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է: Ըստ նրա՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի եւ Անկարայի միջեւ առեւտրային հարաբերությունների վրա:
Թեհրանի եւ Բաքվի միջեւ լարվածությունը վերջին օրերին աճել է: Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է իր տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ: Պաշտոնական Թեհրանը Իսրայելին մեղադրում է Ադրբեջանի միջոցով Իրանի սահմաններին մոտենալու, ԼՂ-ում ստեղծված իրավիճակից օգտվելու եւ Բաքվի ու Թեհրանի միջեւ հակամարտություն բորբոքելու համար:
Իրանն, ի պատասխան, լայնածավալ ցամաքային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների մոտ։ Թեհրանը միաժամանակ հայտարարել է, որ չի հանդուրժի տարածաշրջանում «երրորդ երկրների» եւ «օտար զավթիչների» առկայությունն ու հարեւանների հետ սահմանների փոփոխության ցանկացած փորձ թույլ չի տա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել էր ադրբեջանա-իրանական սահմանին իսրայելական ուժերի ներկայության մասին Թեհրանի հայտարարությունները։ Թեեւ, հակառակ իր այս հայտարարության, համացանցում երկուշաբթի լուսանկարներ էին տարածվել, որոնցում Ալիեւը Իրանին սահմանակից Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում լուսանկարվել էր իսրայելական անօդաչու թռչող սարքերի մոտ։
ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին էլ ԼՂ-ում իսրայելցի զինվորականների ենթադրյալ ներկայության մասին հայտարարությունները «կատարյալ հիմարություն» ու հերյուրանք է անվանել։