Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ Վրաստանը թույլատրել է 12-15 տարեկան երեխաների պատվաստումը։ Նա հավելել է, որ թեեւ եվրոպական շատ երկրներում այս տարիքային խմբերում պատվաստումն արդեն սկսել է լայնորեն կիրառվել, Վրաստանում առաջին փուլում կպատվաստվեն միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաները:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ հուլիսին Վրաստանը Pfizer-ով պատվաստումների համար առաջարկվող տարիքը 18-ից իջեցրել էր 16-ի: Չինական Sinovac եւ Sinopharm պատվաստանյութերը հասանելի են 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար, իսկ AstraZeneca-ն՝ 45-ից բարձրերի համար:
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Վրաստանում իրականացվել է 1844965 պատվաստում: Կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստվել է 849 946 մարդ` երկրի չափահաս բնակչության 29,8% -ը:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են 2021-ի մարտի 15-ին՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի նոր խմբեր:
Վերջերս պատվաստումների տեմպը կտրուկ դանդաղել է: Վրաստանում օրական պատվաստվում է միջին հաշվով 8 հազար մարդ:
Համաճարակաբանական իրավիճակը վատանում է
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում համաճարակաբանական իրավիճակի կայուն բարելավումից հետո վերջին երեք օրերի ընթացքում նկատվում է իրադրության վատթարացում: Ըստ վարակաբանի՝ միայն զանգվածային պատվաստումը կդադարեցնի այս գործընթացը:
Վերջին երեք օրերի ընթացքում Վրաստանում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2000 դեպք:
Վարակաբանները չեն առարկում լողավազանների բացմանը
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից առավել մեծ վտանգ ներկայացնում են մարդկանց կուտակումները: Լողավազաններն ու մարզասրահները ռիսկային չեն:
Վրաստանի կառավարության որոշմամբ` մարզասրահներն ու լողավազանները բացվելու են ամենավերջին փուլում, հստակ ժամկետ դեռեւս չկա:
«Յուրաքանչյուր սահմանափակում հանելու դեպքում ռիսկեր կան, նույնը նաեւ լողավազանների համար, բայց այս դեպքում ռիսկերը նվազագույն են, ավելի վտանգավոր են հարսանիքներն ու հոգեհացի հավաքույթները»,- շեշտել է Ցերցվաձեն:
Մարզիկների մի խումբ հունիսին Թբիլիսիում բողոքի ակցիա անցկացրեց` կառավարությանը կոչ անելով բացելու ֆիթնես-կենտրոններն ու մարզասրահները:
Թեեւ Վրաստանում արգելքների մեծ մասը հանված է, դեռեւս գործում են որոշ սահմանափակումներ. ուժի մեջ է ավելի քան 10 մարդու մասնակցությամբ միջոցառումների (հարսանիք, ծննդյան եւ սգո արարողություններ եւ այլն) արգելքը, չեն գործում խաղատները, լողավազաններն ու մարզասրահները, մանկական կենտրոնները, երկրում արգելված են նաեւ մարզական ու մշակութային միջոցառումները: