Երեքշաբթի Գարեգին Երկրորդի եւ Պոլսի Հայոց պատրիարքի հետ Վատիկան մեկնած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանցիների կատարած խոշտանգումները:
Պաշտպանը ընդհանուր առմամբ երեք զեկույց է փոխանցել Հռոմի պապին։
Առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին է, որը, նրա բնորոշմամբ, մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է:
Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով։
Իսկ երրորդը գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի մասին է:
Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ ապրիլի 12–ին մեկժամանոց ռեպորտաժ էր ցուցադրվել «ռազմավարի պուրակի» մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զինվորական համազգեստով հպարտորեն շրջել էր թանգարանում, որտեղ ցուցադրված էին հայկական զինտեխնիկան եւ հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:
«Ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն է:
«Սրբազան Քահանայապետը վերցրեց զեկույցները, բացեց, թերթեց եւ տեսավ նաեւ դաժանությունների վերաբերյալ նկարները: Շնորհակալություն հայտնեց կարեւոր զեկույցների համար ու ասաց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այս հարցը նույնպես քննարկել են»,– գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
Թաթոյանը հայտնել է նաեւ, որ Հռոմի պապը նաեւ իր օգնականին է հանձնարարել ուսումնասիրել եւ իրեն առանձին ներկայացնել խոշտանգումների փաստերը։