Ռուսական Sputnik–ի եւ RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «ցնցել» է Թուրքիան։ «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, թե Արարատը Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է, իսկ Կարսը պետք է վերադարձվի ՌԴ–ին։
Թուրքերը Սիմոնյանի այս հայտարարությունը համարել են ամոթալի։
Իրականում ի՞նչ է արել Սիմոնյանը՝ հայրենասեր է խաղացել մի տաքուկ կետում։ Ընդ որում՝ համ հայերին է շոյել, համ էլ ռուսներին։ Ապագայում այդ կինը դեռ կասի, թե ռուսների ինչին է պետք Կարսը, ու ինչ է նշանակում հավակնել Կարսին։
Սիմոնյանի այս հայտարարությունը թուրքերին անկասկած հիշեցնում է, թե ժամանակին ինչ անավարտ հարցեր են մնացել հայերի հետ։ Հատկապես հիմա ավելորդ չէ, որ թուրքերը հիշեն այդ մասին։ Իսկ Սիմոնյանը թող Մոսկվայի իր տանը հայերին մեղադրի, որ չմտան Ռուսաստանի կազմի մեջ։ Կարելի էր որեւէ նշանակություն չտալ այդ կնոջ հայտարարությանը, բայց նա ռուսական պաշտոնական պրոպագանդայի առաջին մեծության դեմքերից է եւ իր հայտարարություններով հաստատ կարող է նյարդային մթնոլորտ ստեղծել։
Այս պարագայում ի՞նչ անեն հայերը։ Կարող են ուշադրության չդարձնել տիկին Սիմոնյանին, բայց որտեղի՞ց մեզ երաշխիք, որ վաղը մեր իշխանությունները կրկին չեն խոսի Կարսի պայմանագրից՝ համարելով, որ պետք է կտրել ռուսների դեմն ու շեշտել Կարսի հայկական լինելը։
Բայց Կարսի ռուսական լինելու մասին հայն է խոսում, ահա թե որտեղ է կուրյոզը։ Լսում ես տիկին Սիմոնյանին ու զարմանում՝ այս կինը Հայաստանի ներկա վիճակից գաղափար ունի՞։ Ասենք, ինչո՞ւ է խոսում Արարատի՝ Հայաստանի խորհրդանիշ լինելուց։ Ո՞վ է վիճարկել այս փաստը, որ նա էլ շեշտում է։
Էդ կինը չի լսե՞լ այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան մի կերպ փորձում են հարաբերություններ կարգավորել։ Այսինքն՝ ինքը չի ուզո՞ւմ։ Այսինքն՝ իր շուրթերով Ռուսաստանը չի ուզո՞ւմ։ Թե՞ Հայաստանում վաղուց չեն «արժեւորել» Մարգարիտա Սիմոնյանի ոչ այնքան հայկական կերպարը։
Ես չգիտեմ, կարիք կա՞ որ մեր իշխանություններն արձագանքեն ազատ խոսքի ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանի այս անհարկի հայտնությանը, բայց մենք հաստատ կարիք չենք զգում, որ ինչ-որ մեկը «մեր վրայով» սիրի Հայաստանը, բայց նվերներ անի Ռուսաստանին։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: