ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը էներգետիկայի զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ տնտեսական առումով «Գազպրոմ»-ին ավելի նպատակահարմար է Ուկրաինային տուգանք վճարել, բայց ավելացնել գազի տեղափոխման ծավալները նոր համակարգերով։
«Ելնելով հենց այն հանգամանքներից, որոնց մասին ես ասացի․ խողովակում ճնշումն ավելի մեծ է, CO2-ի արտանետումները մթնոլորտ ավելի քիչ են, ավելի էժան է ամեն ինչ ստացվում… Բայց ես խնդրում եմ չանել այդպես»,- հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահն ասել է, որ պետք է ամբողջությամբ կատարել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման եւ տեղափոխման պայմանագրային պարտավորությունները։
Վլադիմիր Պուտինը հորդորել է ոչ մեկին դժվարին դրության մեջ չդնել, այդ թվում՝ Ուկրաինային՝ հակառակ այսօրվա ռուս-ուկրաինական հարաբերություններին։
«Պետք չէ խարխլել նաեւ «Գազպրոմի»՝ որպես բոլոր առումներով բացարձակ հուսալի գործընկերոջ հանդեպ հավատը»,- ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը էներգետիկայի նախարարին խնդրել է անձնական վերահսկողության տակ առնել այդ հարցերը եւ ապահովել «Գազպրոմի» կողմից Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման պայմանագրային բոլոր պարտավորությունների կատարումը:
Ռուսաստանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման ավելացումը «Գազպրոմի» համար շահավետ չէ: