ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության եւ անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Ամենշաբաթյա ճեպազրույցում նա անդրադարձել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությանը, թե Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում:
Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպման մասին խոսելիս Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը համարժեք համապարփակ քաղաքականություն է վարում՝ բանակցելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ:
Նա նշել է, որ ՌԴ եւ ԻԻՀ արտգործնախարարները երեկ քննարկել են «3+3» ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): «Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը»,- ընդգծել է Զախարովան։